Վանաձորում, այսօր՝ հունվարի 11-ին, ժամը 14:30 դրությամբ որոշ ճանապարհներ դեռեւս դժվարանցանելի են: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, թե կենտրոնական եւ թե ծայրամասային փողոցների մեծ մասը դժվարանցանելի են, իսկ մայթերն անգամ մաքված չեն ձյան թեկուզ փոքր շերտից: Թեեւ քաղաքապետարանը աղ ու ավազ է ցանել սառած փողոցներում, սակայն վարորդները շարունակում են դժգոհել ստեղծված վիճակից, իսկ իրավիճակը մեղմ ասած բարվոք չէ: Խցանումներ են առաջանում հատկապես լուսակիրների տարածքներում, որտեղ վարորդները կարմիր լույսի տակ արգելակում, ապա դժվարանում են շարունակել ընթացքը:
Այս ամենի հետ մեկտեղ Վանաձորի քաղաքապետարանի լրատվության բաժնի պետ Էդիկ Հովսեփյանը սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրության մեջ վստահեցնում է, թե քաղաքի բոլոր փողոցներն անցանելի են: Ըստ գրառման, ձյան մաքրման համար օգտագործվում է շուրջ 12 անուն տեխնիկա, որը եւս ըստ հեղինակի, չի կարող մաքրել շուրջ 224 կմ ճանապարհ: Վերջում Էդիկ Հովսեփյանը վստահեցնում է, որ այսօր արդեն քաղաքի բոլոր ճանապարհները անցանելի են, մինչդեռ NEWS.am-ի Լոռիի թղթակցի կողմից քաղաքի տարբեր փողոցներում իրականացրած նկարահանումները այլ բան են փաստում: Իսկ թե իրականում որքանով է մաքրված մարզկենտրոնի փողոցները, դատեք տեսանյութից:













Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի











