Իրանի սեփական նոր տիեզերական հրթիռի բացթողումը սադրանք է։ ИТАР-ТАСС-ի հաղորդմամբ, այս մասին նախօրեին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Բիլ Բերտոնը։ Նշենք, որ սա Իրանի պատմության մեջ երրորդ հրթիռն է։

Նրա խոսքով, Ամերիկայի իշխանությունները տեղյակ են, որ իրանական կողմը տիեզերք է ուղարկելու «Քավեշգյար 3» հրթիռը, որի մեջ կա մկներով, կրիաներով եւ որդերով լի կենսական պատիճ։

«Մենք դեռեւս ստուգում ենք այդ տեղեկատվությունը, որպեսզի համոզվենք՝ դրանք համապատասխանո՞ւմ են իրականությանը»,- հայտարարել է Բերտոնը՝ հավելելով, որ «այդ տեսակի հրթիռի բացթողումը անշուշտ սադրանք է»։

Միեւնույն ժամանակ, Բերտոնի հաղորդմամբ, ԱՄՆ-ի նախագահը «կարծում է, որ դեռեւս ուշ չէ, որպեսզի Իրանը ճիշտ վարվի եւ միջազգային հասարակության հետ նստի բանակցությունների սեղանի շուրջ ու կատարի իր միջազգային պարտավորությունները։

Ընդ որում Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ եթե Թեհրանը իրոք որոշել է ընդունել ավելի վաղ իր մասնակցությամբ մշակված դրույթը, ապա պետք է պաշտոնապես տեղյակ պահի ՄԱԳԱՏԷ-ին իր պատրաստակամության մասին՝ փոխանակելու քիչ հարստացված ուրանը հետազոտական ռեկատորի վառելիքի հետ։

»Մեր կարծիքով, դուռը դեռ բաց է։ Առաջարկությունը դեռ բանակցությունների սեղանին է, եւ Իրանը դեռ ժամանակ ունի ճիշտ վարվելու համար",- հայտարարել է Բերտոնը։