Իրանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունները բարելավման հեռանկար չունեն, ինչը կապված է տարբեր բնույթի մի շարք խնդիրների հետ: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսում նշեց Երեւանի պետհամալսարանի իրանագիտության ամբիոնի դոցենտ Վարդան Ոսկանյանը:
«Թեեւ լրատվամիջոցներ լուրեր են տարածում Ադրբեջանի հակաիրանական քայլերի մասին, ադրբեջանական կողմը խուսափում է բաց հայտարարել, որ կտրամադրի իր տարածքը Իրանի դեմ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում»,-նշել է Վարդան Ոսկանյանը: Նրա խոսքով՝ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ միջպետական հարաբերությունները չեն կարող բարելավվել, քանի որ Ադրբեջանի գործողություններն ուղղված են իրանական պետության մասնատմանը եւ իրանական Ադրբեջանի տարածքն Ադրբեջանին միավորելուն:
Ինչ վերաբերում է իրանա-ադրբեջանական տարածքային խնդիրներին, իրանագետը նշեց. «Չեմ կարծում, որ ներկա իրավոիճակում Իրանը քայլեր ձեռնարկի, որոնք կարող են հանգեցնել հարեւան երկրների միջեւ լարվածության հետագա աճին: Առաջին հերթին, անհրաժեշտ է հաշվի առնել, որ Իրանը գտնվում է տնտեսական եւ քաղաքական շրջափակման մեջ»:





























