Ադրբեջանում Հունգարիայի դեսպան Ժոլտ Չուտորեն ստիպված է եղել հերթական անգամ բացատրել Բուդապեշտի դիրքորոշումը մարդասպան Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու հարցով:
Ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում հունգար դիվանագետը պնդել է, որ «դա ամբողջովին իրավական որոշում է եղել», սակայն, անկախ այդ որոշումից, հունգար-ադրբեջանական հարաբերությունները բարելավվել են. երկու երկրների առաջին դեմքերի, գերատեսչությունների միջեւ առկա են շատ լավ հարաբերություններ:
Ներկայացնելով երկու երկրների բարեկամական կապերի ամրապնդման հարցում Ռամիլ Սաֆարովի դերի մասին բավական խճճված միտքը, Չուտորան հայտարարել է. «Ես նույնիսկ կասեի, որ հունգարներն ու ադրբեջանցիները որոշ առումներով ընկերներ են դարձել: Ռամիլ Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանին ոչ մի կերպ չի արտացոլվել մեր կապերի վրա, քանի որ դա ամբողջությամբ իրավական գործընթաց է եղել: Մեր ժողովուրդները մերձենում են միմյանց, նրանք շատ նման են իրար: Ադրբեջանցի ժողովուրդը շատ բարեկամական, հյուրասեր է, հունգարական ժողովուրդը՝ նույնպես»:
Դեսպանն առանձին ուշադրություն է դարձրել երկու ժողովուրդների լեզվին. «Մեր լեզուներում շատ նման բառեր կան, օրինակ «կացին», «խնձոր» բառերը մենք արտասանում ենք այնպես, ինչպես ադրբեջանցիները»: Հատկանշական է, որ դիվանագետը որպես օրինակ հիշել է հենց «կացինը»:
Միաժամանակ Հունգարիայի դեսպանը հայտարարել է, որ «Ռամիլ Սաֆարովն արտահանձնելու որոշումը ուղղված չի եղել որեւէ այլ երկրի դեմ»: Այդ կապակցությամբ, նա ափսոսանք է հայտնել, որ Հայաստանը դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: «մենք փորձում ենք նորմալացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, հույս ունենալով, որ դա տեղի կունենա մոտ ապագայում: Հունգարիան բարեկամական երկիր է, մենք չունենք հակառակորդներ եւ մենք կփորձենք լավ դիվանագիտական հարաբերություններ ունենալ բոլորի հետ»,-հայտարարել է Ժոլտ Չուտորան:
2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին, ինչի համար 2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանը նրան դատապարտել էր ցմահ ազատազրկման` առանց 30 տարի ներման իրավունքի: Սպաները մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում կազմակերպված անգլերեն դասընթացներին: Հայ մյուս սպային սպանելու ոճրագործի փորձը ձախողվել էր:
2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին արտահանձնել էր Ադրբեջանին, որտեղ նրան անհապաղ ազատ էին արձակել, մեծարել իբրեւ ազգային հերոսի, կոչումը բարձրացրել, բնակարան եւ նպաստ հատկացրել: Նույն օրը Հայաստանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու մասին: Սաֆարովի գործի հետ կապված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը իրավասու մարմիններին, այս դեպքում` արդարադատության նախարարությանը հրահանգել էր ձեռնարկել բոլոր միջոցառումները դատական միջազգային ատյաններ դիմելու համար:
Տեղի ունեցածի հետ կապված Հայաստան է այցելել հունգար մտավորականության ներկայացուցիչներից կազմված խումբը, որպեսզի անձամբ հայտարարեն, որ ամաչում են Հունգարիայի իշխանությունների արարքի համար:





























