«Կասպերսկիի լաբորատորիան» հայտարարել է կիբերլրտեսական հերթական զանգվածային ցանցի բացահայտման մասին՝ Red October (Կարմիր հոկտեմբեր) կոդային անվանմամբ: Վերջին հինգ տարիներին (2007թ.-ից սկսած)  հաքերները հարձակումներ են գործել դիվանագիտական գերատեսչությունների, պետական կառույցների եւ գիտահետազոտական կազմակերպությունների դեմ: Հարձակման ենթարկվել են հիմնականում Արեւելյան Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի եւ նախկին Խորհրդային Միության երկրները: Հայաստանն էլ է տուժածների շարքում:

Կազմակերպություններ վիրուսը սողոսկել է որոշակի օգտվողի միջոցով՝ ֆիշինգային փոստի օգնությամբ: Տրոյանն օգտագործել է, օրինակ,  Microsoft Office-ի եւ

Adobe-ի ծրագրերի թերությունները: Հարձակումները հանգամանորեն նախապատրաստվել են, յուրաքանչյուր հարձակման դեպքում վիրուսը լրամշակվել է՝ հաշվի առնելով օգտվողի առանձնահատկությունը, որի միջոցով վարակը տարածվում էր, հայտնում է lenta.ru-ն: 30-ից ոչ պակաս տարատեսակ մոդուլներ ունեցող վիրուսը «Կասպերսկիի լաբորատորիայում» պայմանական Backdoor.Win32.Sputnik անվանումն է ստացել:

Չարագործներին, ըստ մասնագետների, հաջողվել է տասնյակ հաջող հարձակումներ իրականացնել, տվյալների տերաբայթեր հափշտակել եւ զոհերի մեծամասնության համար աննկատ մնալ: Առայժմ հայտնի չէ, թե ով է կանգնած ցանցի թիկունքում, դա պարզելը  դյուրին չի լինի: Գործողության գլխավոր հրահանգման կենտրոնը հուսալիորեն պաշտպանված է Ռուսաստանի, Ավստրիայի, Գերմանիայի տարածքներում տեղակայված երկու էշելոն  պրոքսի սերվերներով: Մասնագետները կարծում են, որ օգտագործվող ծրագրերը չինացի հաքերների ձեռքի գործն է, իսկ օգտագործող տարբեր մոդուլները՝ ռուսալեզու հաքերների, հայտնում է Oszone.net-ը: Ռուս հաքերներին մատնում են «զվարճալի» սխալները. մասնավորապես, տառային համակցություններում գործածված են «PROGA» եւ «zakladka» բառերը, որոնք ռուսերեն բառերի տառադարձումն են:

 «Հարձակվողների գողացած տեղեկությունները, ակնհայտորեն, ծայրահեղ գաղտնի են եւ ներառում են, մասնավորապես, աշխարհաքաղաքական տվյալներ, որոնք կարող են գործածվել պետական մակարդակում», - նշված է «Կասպերսկիի լաբորատորիայի» զեկույցում:

 «Լաբորատորիան» նաեւ հրապարակել է Backdoor.Win32.Sputnik-ով առավել շատ վարակված երկրների ցանկը: Ըստ դրա՝ ամենաշատը տուժել է Ռուսաստանը  (38 դեպք), հաջորդում են Ղազախստանն ու Ադրբեջանը (15-ական դեպք): Հայաստանում վարակվածության 10 դեպք է բացահայտվել:

«Կասպերսկիի լաբորատորիայի» փորձագետները նշում են, որ Red October գործողությունների ուսումնասիրությունը շարունակվում է՝ տարբեր երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ռումինիայի եւ Բելառուսի Computer Emergency Response Teams (CERT)-ի հետ համատեղ: