Հայաստանի նախագահի թեկնածու, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության ուրվագծերը:
Թեկնածուի ֆեյսբուքյան էջում ներկայացված են տաս կետերը.
1. Արտաքին քաղաքականության գերակա սկզբունքն է՝ մեր աշխարհով մեկ սփռված ժողովրդի հավիտենականության երաշխիքը անկախ հայկական պետականությունն է։
2. Արտաքին քաղաքականությունը առաջիկա տարիներին պետք է լինի ինքնակենտրոն՝ պրոեվրոպական, պրոռուսական կամ պրոամերիկյան մւտեցումների գերակայությունը կարող է հանգեցնել մեր տարածքում գերտերությունների շահերի բախմանը։ Հայաստանը չի կարող իր տարածքում թույլ տալ գերտերությունների շահերի հակասությունների հետագա խորացում։
3. Հայաստանը առավելագույնս պետք է խորացնի ինչպես ԵՄ ազատ առեւտրի ռեժիմի, այնպես էլ ԱՊՀ հետ տնտեսական հարաբերությունների ինտեգրման խորացման գործընթացները։ Այնուամենայնիվ, Հայաստանը որեւէ կողմի չպետք է թույլ տա հարաբերությունների այնպիսի մակարդակ, ինչը կբացառի հարաբերությունների զարգացումը մեկ այլ կողմի հետ։
4. Ցանկացած նոր օրենք, որոշում, ցանկացած պայմանագիր կամ համաձայնագիր, ինչի կիրարկման արդյունքում առկա է ինքնիշխանության (սուվերենության) կորուստ, կարող է ուժի մեջ մտնել միայն հանրաքվեից հետո։
5. ԼՀՂ հարցի լուծումն այս փուլում իրական փոխզիջումային տարբերակի մշակումն է, ինչը հնարավոր կլինի բանակցությունների նժարը բացառապես ԼՂՀ-ի եւ Ադբեջանի միջեւ տեղափոխելու դեպքում։
6. ԼՂՀ անկախության ճանաչումը Հայաստանի կողմից ընդունելի է միայն Ղարաբաղի իշխանությունների պաշտոնական դիմումի դեպքում։
7. Ուժերի հետագա հավասարակշռվածությունը Ադրբեջանի օգտին չթեքելու համար անհրաժեշտ է մասսայաբար բնակեցնել Հայաստանը եւ ԼՂՀ Ադրբեջանից մազապուրծ փախած հայերով, սիրիահայերով։ Պետք է կյանքի կոչել «Նոր հայրենիք», «Նոր Հալեպ» ծրագրերը։
8. Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը հրատապ խնդիր է։ Իսկ դա հնարավոր է միայն նախապայմանների բացակայության դեպքում։
9. Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը, այդ երկրների ինքնիշխանությանն օժանդակելը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է։
10. Սփյուռքահայության հետ հարաբերությունները պետք է զարգացնել նկատի ունենալով նրանց Հայաստանում ներդրող ու ակտիվ գործարար լինելու կարգավիճակը։ Այլ օգնություն, բացառությամբ բարեգործական ու հումանիտար ակցիաների, մեզ պետք չէ. Դա վնասում է եւ մեզ, եւ սփյուռքահայերին։ Սփյուռքի պասիվ ներդրողների համար (պորտֆելային) համահայկական բանկը կվերածվի համահայկական ներդրումային հիմնադրամի։ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կարգի կառույցների գործունեությունն աստիճանաբար կսառեցվի։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























