Թուրքիան ուշադրությունը սեւեռել է մերձավորարեւելյան տարածաշրջանի վրա, ինչով էլ պայմանավորված է երկրի հիմնական ռազմավարությունը Հարավային Կովկասի փոխարեն Մերձավոր Արեւելք ուղղելը: Այդ մասին այսօր՝ հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսում նշել է Հայաստանի ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Ակնհայտ է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը դեմ է առել փակուղու, իսկ ստորագրված արձանագրությունները կորցրել են արդիականությունը»,- նշել է թուրքագետը:
Ըստ նրա՝ տվյալ պահին Թուրքիային ավելի շատ հուզում է Սիրիայի ճակատագիրը: «Միանգամայն պարզ է, որ Սիրիայի հարցում այլեւս անհնար է խնդիրը լուծել առանց արտաքին գործոնը հաշվի առնելու: Եթե Թուրքիան դադարի աջակցել սիրիացի ընդդիմադիրներին, ապա ներկայիս իշխանություններին մի քանի ամսվա ընթացքում կհաջողվի իրադրության տերը դառնալ: Իսկ եթե ընդդիմության արտաքին աջակցությունը շարունակվի, ապա Սիրիայի իշխանությունները երկար կպայքարեն, քանի որ լուրջ ռեսուրսներ են տնօրինում: Ասադին տապալել կհաջողվի միայն արտաքին անմիջական ռազմական միջամտության դեպքում», - ընդգծել է Ռուբեն Սաֆրաստյանը:
Նա նաեւ հավելել է, որ Սիրիայի ներքին ռազմական հակամարտության շարունակականությունը վկայում է ոչ միայն Բաշար Ասադի՝ որպես քաղաքական գործչի ուժեղ բնավորության, այլեւ այն մասին, որ Սիրիայի բնակչությունը դեռեւս աջակցում է նրան:
Ինչ վերաբերում է Իրանի վրա հարձակման հավանականությանը, փորձագետը վստահեցրել է. տվյալ պահին ոչ մի երկիր հավաստի տվյալներ չունի այդ պետությունում ուրանի հարստացման մակարդակի վերաբերյալ: «Այդ հիմքով կարելի է ենթադրել, որ առաջիկա կես տարում ռազմական գործողություններ չեն լինի: Թեպետ Իսրայելը շահագրգռված է Իրանի դեմ պատերազմելու հարցում, ԱՄՆ-ն այստեղ բավական զուսպ քաղաքականություն է վարում», - ամփոփել է թուրքագետը:
Լուսանկարn` Արսեն Սարգսյանի / NEWS.am





























