Վաշինգտոնը մերժել է Թեհրանի առաջարկությունը՝ ԱՄՆ-ի բանտերում գտնվող իրանցի դատապարտյալներին Իրանի իշխանությունների կողմից ձերբակալված երեք ամերիկացի զբոսաշրջիկների հետ փոխանակելու մասին:

Ինչպես հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, իրանական իշխանությունները պարտավոր են միակողմանի բաց թողնել ամերիկյան քաղաքացիներին: Նա նշել է, որ ներկայումս ԱՄՆ-ը եւ Իրանը բանակցություններ չեն վարում, եւ զբոսաշրջիկները պետք է անհապաղ ազատ արձակվեն մարդասիրությունից դրդված:

Քլինթոնն անարդարացի է անվանել նրանց լրտեսության մեջ մեղադրելը, հայտնում է «Ռուսաստանի ձայնը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ հանդես գալով տեղական հեռուստաալիքով, հայտարարել էր, թե Իրանում քննության տակ գտնվող ամերիկյան քաղաքացիները կարող են փոխանակվել ԱՄՆ-ում գտնվող իրանցի դատապարտյալների հետ: Նա նշել էր, որ այդ կապակցությամբ բանակցություններ են վարվում: