Facebook-ի հիմնադիր ղեկավար Մարք Ցուքերբերգն ընկերության շտաբ-բնակարանում կայացած ասուլիսում ներկայացրել է Graph Search անվանումով նոր որոնողական գործառույթը: Graph Search-ը կհայտնվի որպես մեծ որոնողական վահանակ՝ յուրաքանչյուր էջի վերին մասում:

Որոնման ժամանակ կներկայացվի նաեւ սոցիալական ցանցից օգտվողների մասին տեղեկատվությունը, որը հնարավոր չէ գտնել սովորական որոնողական համակարգով: Որպես օրինակ Ցուքերբերգը որոնում է իրականացրել «Սան Ֆրանցիսկոյի քոլեջի իմ ընկերները» հարցումով, ինչպես նաեւ ցույց տվել, թե ինչպես Graph Search-ի օգնությամբ կարող է գտնել իր լուսանկարները՝ կնոջ հետ, հաղորդում է Gazeta.ru-ն:

Facebook-ի հիմնադիրն ընդգծել է, որ Graph Search-ն ունակ է մշակել շատ նեղ հարցումներ: Որպես օրինակ Ցուքերբերգը որոնում է իրականացրել հետեւյալ հարցումով. «Իմ ընկերների ընկերները, ովքեր միայնակ տղամարդիկ են, եկել են Հնդկաստանից եւ ապրում են Սան Ֆրանցիսկոյում»: Ի պատասխան Graph Search-ը ներկայացրել է այդ նկարագրությանը համապատասխանող անձանց Facebook-յան էջերի հղումները:

Նշենք, որ խոշորագույն սոցիալական ցանցը լրատվամիջոցներին հրավեր է ուղարկել, նշելով. «Եկեք ու տեսեք, թե ինչ ենք մենք ստեղծել»: Դրանից շատերը ենթադրել էին, որ խոսքը սմարթֆոնի հնարավոր թողարկման մասին է, որի մասին շատ խոսակցություններ են շրջում: Դրա արդյունքում Facebook-ի բաժնետոմսերի գինը հասել է 31 դոլարի՝ մեկ բաժնետոմսի դիմաց: Դա առավելագույն գինն է 2011-ի մայիսին Nasdaq-ի ինդեքսներում հայտնվելուց ի վեր: