«Սիստեմա մասս մեդիա» ընկերությունը, որ կառավարում է ԱՖԿ «Սիստեմայի» մեդիաակտիվները, դատի է տվել Video.ru ինտերնետ-խանութին «Եղբայրներ, դետեկտիվներ» հեռուստասերիալի տարածման համար, գրում է «Վեդոմոստին»:

ՍՄՄ-ն Video.ru-ին մեղադրել է ծովահենության մեջ: Video.ru-ի ներկայացուցիչները, իրենց հերթին, ընդունել են, որ խանութն իրավունք չի ունեցել վաճառել հեռուստասերիալը, եւ միջադեպը բացատրել են տեխնիկական սխալով: ՍՄՄ-ն հրաժարվել է Video.ru-ի առաջարկած «փոքր փոխհատուցումից» եւ մտադիր է օնլայն-խանութից 24 միլիոն ռուբլի բռնագանձել:

Video.ru-ն Ռունետի ամենախոշոր խանութներից է: Ընկերության տվյալներով, ամեն ամիս կայքից ներբեռնվում է մի քանի տասնյակ հազար ֆիլմ, սերիալ եւ հեռուստահաղորդում:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԱԳԿ «Սիստեմա»-ի անկախ տնօրենն է: Ընկերության ակտիվների թվում են «ՄՏՍ»-ը, «Կոմստար-ՕՏՍ»-ը, «Սիտրոնիքս»-ը, «Սիստեմա-Գալս»-ը, ԱԿԲ «ՄԲՌՌ»-ը, «Մանկական աշխարհը», «Ինտուրիստ»-ը եւ այլն: