Տեղեկատվական անվտանգության հարցը Հայաստանի համար այնքան կարեւոր եւ հրատապ է, որ դրանով պետք է զբաղվեն ոչ թե քաղաքացիական կառույցները այլ ռազմական։ NEWS.am-Ինովացիա-ի թղթակցի հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Կարեն Վարդանյանը։ «Տեղեկատվական անվտանգության հարցը Հայաստանում այսօր շատ լուրջ է, եւ հարցը պետք է լուծվի ամենաբարձ մակարդակով, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությունը պետք է կիբեռզորքերի ստորաբաժանումներ ստեղծի, որտեղ պետք է հրավիրվեն Հայաստանի լավագույն մասնագետները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսօր աշխարհի զարգացած երկրներում արդեն ստեղծված են նման ստորաբաժանումներ։

Ըստ նրա՝ ինտերնետի տարածումը, տեխնոլոգիաների թվայնացումն այսօր շատ արագ է տեղի ունենում, եւ այդ ընթացքում հաշվի չեն առնվում անվտանգության հարցերը։ «Հայաստանն այսօր փաստացի կիբեռ հակամարտության մեջ է. երբեմն Ադրբեջանի, իսկ երբեմն էլ Թուրքիայի հաքերները հարձակումներ են կատարում մեր կայքերի վրա, բայց դրանք մեծ վտանգ չեն ներկայացնում, իսկ լուրջ հարձակման դեպքում, եթե լավ պաշտպանություն չլինի, ապա հնարավոր է, որ մեկ-երկու օրվա ընթացքում Հայաստանը այնքան ֆինանսական կորուստներ կրի, որքան ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում»,- ասաց Կ. Վարդանյանը։