Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ, ծանոթացել «ՔԵՆԴԼ» նախագծի իրականացման ընթացքին, զարգացման հեռանկարներին եւ ինստիտուտի միջազգային համագործակցության ծրագրերին:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, թե սինքրոտրոնային լույսի օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնի մասնագետների հավաստմամբ, «ՔԵՆԴԼ» ծրագիրը միտված է 3-րդ սերնդի արագացուցչային-կուտակիչ համալիրի վրա հիմնված լուսային ճառագայթման աղբյուրի ստեղծմանը:
Համալիրն ուլտրամանուշակագույնից մինչեւ ռենտգենյան ալիքի երկարության լայն տիրույթում հզոր, յուրօրինակ լուսային հոսքի մոտ 40 կայանի հնարավորություն կունենա: Այն հնարավորություն կտա ուսումնասիրել ցանկացած տեսակի նյութի կառուցվածք՝ բջջից մինչեւ ատոմային մակարդակը, այսինքն` ժամանակակից գիտական հետազոտություններ կատարել հիմնարար եւ կիրառական ուսումնասիրությունների ողջ տիրույթում` ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, բժշկության, շրջակա միջավայրի, նյութագիտության, դեղագործության, նանոէլեկտրոնիկայի եւ միկրոարտադրության բնագավառներում:
































