Շվեդիայի Թագավորական տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականները մոտ են վիրաբուժության ոլորտում հեղափոխություն իրականացնելուն: Նրանք մոտ են դեղամիջոցի մշակման ավարտին, որը թույլ կտա բառացիորեն սոսնձել կոտրված ոսկորները:
14 տարի շարունակ գիտնականներն աշխատել են յուրօրինակ սոսնձի ստեղծման վրա: Այն քսում են կոտրվածքի տեղին եւ հալոգենային լամպի ազդեցությամբ այն ամրանում է: Երբ ոսկորներն աճում են, սոսինձը հալվում է օրգանիզմում, գրում է MIGNews-ը:
Այսպիսով, ամենաբարդ, այդ թվում ողնաշարի եւ գանգի կոտրվածքները, կարելի է բուժել առանց մետաղական կոնստրուկցիաների, տեղային թմրեցմամբ:
Նոր մեթոդը թույլ կտա կրճատել ինչպես վիրահատության ժամանակը, այնպես էլ վերականգնման գործընթացը: Եթե նախկինում այն տեւում էր շուրջ 3 ամիս, ապա այս դեպքում հիվանդն արդեն 3 օր անց կարող է դուրս գալ աշխատանքի:
Հենց սոսինձը տոքսիկայնության ստուգում անցնի, այն կսկսեն թեստավորել կենդանիների վրա: Գիտնականները վստահ են, որ եթե ամեն բան հաջող անցնի, ապա նմանատիպ վիրահատություններ կարելի է անել արդեն այս տարի:




























