Facebook սոցիալական ցանցը  Apple   iPhone սմարթֆոններ ունեցողներին Facebook Messenger բջջային ծառայության միջոցով անվճար զանգեր կատարելու հնարավորություն է ընձեռել:  Նոր գործառույթն առայժմ հասանելի է միայն ԱՄՆ-ի բնակիչների համար: 

Հավելվածի հնարավորությունները դեռ սահմանափակ են: Զանգել կարելի է միայն այն ընկերներին, որոնք իրենց iPhone-ներում գործածում են Facebook Messenger-ը: Վեբ ցանցով Facebook մտած անձանց, ինչպես նաեւ բջջայինի տասնիշանի համարին զանգելու հնարավորություն առայժմ նախատեսված չէ:  Սմարթֆոնների Android եւ BlackBerry  օպերացիոն համակարգերի հիմքով բջջային սարքերից եւս հավելվածի միջոցով զանգեր իրականացնելն անհնար է:  Facebook-ում չեն բացահայտում գործառույթի  հետագա ընդլայնման հնարավորությունները, հայտնում է  gazeta.ru-ն:

Facebook-ը VoiP-հեռախոսային գործառույթները մշակել էր Skype ծառայության տեխնոլոգիաների կիրառմամբ, իսկ Facebook Messenger-ը սոցիալական ցանցն ինքնուրույն էր ստեղծել: 

Փորձագետները կարծում են, որ եթե այդ գործառույթը կայուն աշխատի, ապա Skype-ը, Google Voice-ը կարող են իրական մրցակից ձեռք բերել:

Facebook-ը եւ Microsoft ընկերությանը պատկանող Skype-ը  արդեն երկուսուկես տարի գործընկերներ են. 2011թ. Facebook-ը սոցցանցի վեբ տարբերակում  ներմուծել էր Skype-ի տեսազանգերի գործառույթը: