Google Maps քարտեզագրական ցանցի Բոթսվանայի տեսարանների լուսանկարներում համացանցից օգտվողները ճանապարհին ընկած էշ են նկատել:
Հունվարի 13-ին «Մեծ պայթյունի տեսությունը» սերիալի հերոս Շելդոն Կուպերի անունից @TheRealSheldonC միկրոբլոգում ենթադրություն են գրել, որ էշին հարվածել էր Google-ի համար համայնապատկերներ նկարահանող մեքենան: Էշի մասին թվիթը հավաքել է 1200 ռեթվիթներ:
Բլոգերներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ էշն ընկած է «գուգլոմոբիլի» ճանապարհին: Տեսախցիկը շարժելիս երեւում է, որ կենդանին կանգնած է մայթեզրին, իսկ հակառակ ուղղությամբ պտտելիս էշը գետնին պառկած է, գրում է lenta.ru-ն:
Հունվարի 16-ին Google-ն իր պաշտոնական բլոգում հերքել է էշի սպանության լուրը: Որպես ապացույց բերվել էին «բախումից» առաջ եւ հետո արված կադրերը՝ նաեւ Google Maps-ում չհայտնվածները: Դրանցից կարելի է եզրակացնել, որ մեքենան մոտեցել է ավազին պառկած էշին, որից հետո վերջինս վեր է կացել եւ գնացել դեպի մայթ: Google-ը ենթադրում է, որ կենդանին փոշու լոգանք էր ընդունում:




























