Ճապոնացիները երկնաքերները փլուզելու նոր միջոց են մտածել: Արտաքինից այնպիսի տպավորություն է, կարծես երկնաքերի բարձրությունն աստիճանաբար, սանտիմետր առ սանտիմետր, փոքրանում է: Իրանակում, սակայն, այդ ժամանակ շենքի ներսում բարձրտեխնոլոգիական ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվում: Այնտեղ գտնվում են վերամբարձ կռունկներ, իսկ շենքի տանիքը պահում են ժամանակավոր հենարանների վրա, որն ընկնում է միայն այն ժամանակ, երբ հարկն ամբողջությամբ քանդվում է:
Շենքը փլուզելու նման միջոցի դեպքում աղմուկի մակարդակը նվազում է առնվազն 17 դեցիբելով, իսկ փոշու քանակությունը՝ 90 տոկոսով:
Աշխատանքները կարող են ավելի արագ կատարվել, քան ավանդական միջոցի դեպքում, քանի որ դրանք կախված չեն եղանակային պայմաններից: Բացի այդ, նման ապամոնտաժումն անվտանգ է շինարարների համար:
Ներկայումս այդ նոր մեթոդով կփլուզեն Grand Prince Hotel Akasaka հյուրանոցը, որի բարձրությունը 139 մետր է: Հյուրանոցը փակվել է 2011-ի գարնանը, հաղորդում է Daily Mail-ը: Դա ամենաբարձր շինությունն է, որը երբեւէ փլուզվել է Ճապոնիայում, հաղորդում է «Ռիդուսը»:




























