Հարկային օրենսդրության վերջին փոփոխություններում բավականաչափ կետեր կան, որոնք չեն նպաստում ՏՏ ոլորտի զարգացմանը: Այդ մասին այսօր՝ հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Մասնավորապես խոսքը բարձր աշխատավարձերի վրա լրացուցիչ եկամտահարկի մասին է: Ըստ Կ. Վարդանյանի՝ հատկապես օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերություններում դա խնդիրներ է հարուցում, քանի որ ստիպված են գլխադասային ընկերությունից լրացուցիչ գումարներ խնդրել՝ աշխատավարձերը չպակասեցնելու համար:
ՏՏ ոլորտի համար, ըստ Կ. Վարդանյանի, խնդրահարույց է նաեւ 20% շահութահարկը: Դրա պատճառով օտարերկրյա կապիտալով աշխատող ընկերությունները ձեռնպահ են մնում շահույթները Հայաստան բերելուց, պահում են այն երկրում, որտեղ չի հարկվում: Ըստ Կ. Վարդանյանի՝ հարկային օրենսդրությունը պետք է «տյունինգել» ՏՏ ոլորտին, որպեսզի ընկերություններն իրենց մարկետինգային քաղաքականությունը կենտրոնացնեն Հայաստանում:




























