Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության կողմից Հայաստանում կառուցվելիք չիպերի գործարանը սկզբնական փուլում արտադրելու է մոբայլ-չիպեր: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

«Նմանատիպ գործարան նոր են բացել Արգենտինայում, Լատինական Ամերիկայում մեծ շուկա ունեն: Հայաստանում արտադրությունը սկսելու են մոբայլ չիպերից, հետագայում կարտադրեն ավելի բարդ չիպեր»,- ասաց Բ. Ենգիբարյանը: Գործարանը կունենա մոտ մոտ 150 աշխատատեղ, նաեւ հետազոտական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանում: Հնարավոր է՝ գործարանը տեղակայվի ազատ տնտեսական գոտում, համենայնդեպս՝ դրա վերաբերյալ ներկայում բանակցություններ են ընթանում:

«Շատերը զարմանում են, թե ինչպես է Հայաստանը չիպերի ոլորտում մրցակցելու Թայվանի կամ Չինաստանի հետ, բայց ունենալով Լատինական Ամերիկայի շուկան, դա միանգամայն իրատեսական է»,- նշեց Բ. Ենգիբարյանը:

Նշենք, որ տարածարջանում չիպերի արտադրության գործարան չկա: Իսկ աշխարհում չիպերի խոշորագույն արտադրողը Taiwan Semiconductor Manufacturing Co. (TSMC)-ն է՝ տարեկան 1,4 մլրդ դոլար շահութաբերությամբ: