Google Inc. կորպորացիան մտադիր է մեկ միլիարդ եվրո ներդնել Մեծ Բրիտանիայում գլխավոր գրասենյակի շինարարության մեջ: Համացանցային հսկան մտադիր է կառուցել նոր 11-հարկանի գրասենյակային շինություն` Լոնդոնում գործող բոլոր գրասենյակները համախմբելու նպատակով: Շինարարությունը իրականացվելու է Kings Cross Central Partnership-ից գնված տարածքում:
Ըստ Financial Times թերթի, անշարժ գույքի բնագավառում ֆինանսական ճգնաժամից ի վեր դա կլինի ամենախոշոր գործարքներից մեկը:
Ներկայումս Google-ի աշխատակիցները Լոնդոնում տեղավորված են երկու գրասենյակներում: Նոր շինության կառուցումից հետո նրանք «կհայտնվեն մի տանիքի տակ»: Ընդ որում, ընկերությունը նախատեսել է պահպանել Մանչեսթերի իր գրասենյակը, հաղորդում է «Գազետա.ռու»-ն:
Հիշեցնենք, որ Google-ն այն ընկերությունների շարքում է եղել, որոնց Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեղադրել են երկրում հարկերը չվճարելու մեջ: Այդպիսի մեղադրանքներ հնչեցվել են մասնավորապես Facebook-ի, Starbucks-ի, Amazon-ի, eBay-ի եւ Microsoft-ի հասցեին:




























