NASA գործակալությունը հայտնել է, որ հունվարի 21-ին Բարաք Օբամայի երդմնակալության ժամանակ պատրաստվում է զարմացնել բոլորին.  Տիեզերագնացները իրենց երկու տեզերական սարքերի լիամասշտաբ մոդելները կցուցադրեն։ Սակայն ԱՄՆ-ի լրատվամիջոցների կարծիքով, նոր հանդիսությունը կզիջի Օբամայի նախորդ երդմնակալության արարողությանը։

Երդմնակալության արարողության ընթացքում կցուցադրվեն Մարսում աշխատանքն սկսած Curiosity մարսագնացի եւ 2017թ. Լուսին ուղեւորվելիք Orion տիեզերական սարքի մոդելները։

NASA-ի պատվիրակության մասնակիցների թվում կլինի նաեւ Curiosity-ն Մարս հասցրած առաքելության ղեկավար Բոբակ Ֆերդոուսին: Երիտասարդը համացանցում հայտնություն էր դարձել իր «իրոկեզ» սանրվածքի շնորհիվ:  Նույնիսկ նախագահ Օբաման, երբ զանգել էր կենտրոնի աշխատակիցներին հիանալի աշխատանքի համար շնորհակալություն հայտնելու, կատակել էր այդ թեմայով՝ ասելով, որ «ինքն էլ է մտածել նման սանրվածքի մասին, սակայն իր թիմը մշտապես հակառակն է համոզում»: Բնականաբար, Ֆերդոուսին այժմ էլ է դարձել լրատվամիջոցների կատակների առարկա:  The Inquisitr-ը նշում է, որ NASA-ի թիմի անդամը միջոցառման առթիվ նոր սանրվածք է արել եւ խոստանում է, որ այն «կզարմացնի բոլորին», հայտնում է NEWSru.com-ը:

Սակայն ոչ տիեզերական մոդելները, ոչ տիեզերագնացների յուրօրինակությունը, ոչ էլ ԱՄՆ-ի ազգային հիմնը երգող Բեյոնսեն այնպիսի շքեղ հանդիսություն չեն ապահովի, ինչպիսին 2009թ. հունվարի 20-ին Օբամայի երդմնակալության արարողությունն էր, գրում է The Los Angeles Times-ը: Գլխավոր պատճառներից մեկը միջոցառման բյուջեն է: 2009թ. երդմնակալության համար ծախսվել էր 160 միլիոն դոլար, որի հաշվին այդ այն դարձել էր ամենաթանկը ԱՄՆ-ի պատմության մեջ: