Իրան-Հայաստան երկաթուղին եւ Հյուսիս-Հարավ մայրուղին Հայաստանին արտաքին հաղորդակցման նոր հնարավորություններ կընձեռեն: Այդ մասին այսօր՝ հունվարի 23-ին Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում ընտրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

«Ձեզ վստահաբար կարելի է կոչել հայրենիքի հարավային դարպասների բնական պաշտպաններ: Դուք դրանք ձեր խաղաղ աշխատանքով եք պաշտպանում: Դրա համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել: Թեեւ Հայաստանը փոքր երկիր է, մենք հաճախ գործածում ենք «հեռավոր մարզեր» արտահայտությունը: Մեր արտասահմանյան հյուրերը հետաքրքրվում են՝ Հայաստանի նման երկրի համար ի՞նչ է նշանակում «հեռավոր»:  Բայց այս մարզի հետ կապված բնական խոչընդոտներ կան: Վստահ եմ, դուք  շատ ուշադիր հետեւում եք  Իրան-Հայաստան երկաթուղու եւ Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու մասին բոլոր հայտարարություններին, փաստաթղթերին: Հարեւան երկրների կողմից շրջափակման պայմաններում տրանսպորտային հաղորդուղիների զարգացումը շատ կարեւոր է:   Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ավարտը նախատեսում ենք 2017թ.:

Ավտոմայրուղու շինարարությամբ մենք ոչ միայն տնտեսական, այլեւ հասարակ, կենցաղային նպատակներ ենք հետապնդում: Այսօր Մեղրիից Երեւան մեկնող ուսանողը կամ առեւտրականը  5 – 7 ժամվա ճանապարհ է անցնում: Մայրուղու շահագործումից հետո ճանապարհին կորցրած ժամանակը գրեթե կրկնակի կկրճատվի, մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք նախագծի իրագործման համար:

Այժմ Իրան-Հայաստան երկաթուղու մասին. անհրաժեշտոթյուն չեմ տեսնում բացատրելու դրա կարեւորությունը: Փոխարենը ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հետեւյալին: Նման վիթխարի նախագիծը նախապատրաստական մեծ աշխատանք է ենթադրում, այդ ուղղությամբ հսկայական աշխատանք արդեն կատարված է, մի քանի օր առաջ համապատասխան պայմանագիր է կնքվել, մեկնարկել է նախագծի ուսումնասիրման փուլը: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությանը արդյունավետ համագործակցության համար:

Մեզ՝ հայերիս բնորոշ է օգնության մեկնած ձեռքը գնահատելը եւ նույնկերպ պատասխանելը: Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունները, տնտեսական կապերը, միջազգային ասպարեզում համագործակցությունը մեր քաղաքականության առաջնահերթություններից են», – ասել  է Սերժ Սարգսյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am