« ՏՏ ոլորտում զարգացումները շատ արագ են տեղի ունենում, ծրագրերը շատ արագ են թարմացվում: IT պրոդուկտների (արտադրանք) կյանքը շատ երկար չէ, միջինը` 2- 4 տարի է, ամեն ինչ շատ արագ է փոփոխվում, անհրաժեշտ է հասցնել քայլել այդ զարգացումներին համընթաց»,- NEWS. am-Ինովացիա-ի հետ զրույցում ասաց «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Գրիգոր Բարսեղյանը:
Պրն. Բարսեղյանը այստեղ կարեւոր է համարում հասցնել այդ «թարմ» ծրագրերի տեղայնացումը կամ հայաֆիկացումը: Նա նշում է, որ «Մայքրոսոֆթ»-ի քաղաքականությունն է այդպիսին` ամբողջ աշխարհում վերացնել լեզվական խնդիրները: Հայաֆիկացման գործընթացը իրենց ընկերությունը 2006թ.-ից սկսել է նաեւ Հայաստանում: Առաջինը «Windows XP»-ի հայաֆիկացումն էր, այդ աշխատանքներում ներգրավվեցին տեղական ընկերությունների մի խումբ աշխատակիցներ` լեզվաբաններ, ծրագրավորողներ եւ այլն:
«2007թ.-ին „Windows XP“-ին ունեցանք արդեն հայերեն լեզվով: Երկրորդ տեղայնացման կարեւորագույն աշխատանքը օֆիսային փաթեթն էր` „Office 2007“-ը, այնուհետեւ „Windows Vista“-ն»,- ասում է Գ. Բարսեղյանը: Նա հատուկ ընդգծում է «Office 2007»-ում Unicode տառատեսակով հայկական ուղղագրական սխալների ուղղման (spell check) հնարավորության մասին, եւ նշում՝ «90%-ից ոչ պակաս ճշտությամբ»:
Այս ծրագրերը կարելի է առցանց (օնլայն) ներբեռնել, այն անվճար է, եթե, իհարկե, դուք արդեն ունեք դրա օրինական տարբերակը՝ անգլերեն լեզվով:
«Այժմ մենք շարունակում ենք այս ուղղությամբ աշխատել բաց, լսել օգտագործողների կարծիքը, ինչը մեզ համար շատ կարեւոր է: Ի դեպ, տարբեր են կարծիքներն ու մոտեցումները. տերմինաբանության բավական հարցեր առաջ եկան, սակայն, մենք հասկանում ենք, որ ժամանակ է հարկավոր, որպեսզի կամաց-կամաց մարդիկ սովորեն նոր տերմինների, նոր բառերի. դա ժամանակի խնդիր է»,- ասում է «Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան մասնաճյուղի տնօրենը:
Նրա խոսքով` համակարգչային ծրագրերի հայաֆիկացման գործընթացը շարունակական է լինելու: Այժմ որոշ տեղական ընկերություններ շարունակում են աշխատել «Windows 7»-ի եւ «Office 2010»-ի տեղայնացման վրա, եւ, ըստ Գրիգոր Բարսեղյանի` մինչեւ տարեվերջ «Windows 7»-ը կլինի հայերեն տարբերակով, իսկ «Office 2010»-ի հայերեն տարբերակին սպասեք, շուտով այն նույնպես պատրաստ կլինի:




























