Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամմադ Ռեիսին:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ողջունելով դեսպանին, նախարարը նշել է, որ երկու երկրների համագործակցության հարթակում կրթությունը եւ գիտությունը կարեւոր տեղ են զբաղեցնում եւ հարեւան ժողովուրդների հարաբերությունների սերտացման եւ միմյանց ավելի ճանաչելի դառնալու համատեքստում լավագույն միջոցներն են: Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ ԻԻՀ կատարած այցի ընթացքում տպավորվել է պետության` կրթության եւ գիտության բնագավառին հատկացված ներդրումների ծավալներով: Նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը շահագրգիռ է հայկական բուհերում իրանցի ուսանողների թվի ավելացմամբ` այդ համատեքստում նշելով, որ երկրի իշխանությունների եւ անձամբ ՀՀ Նախագահի ուշադրության կենտրոնում է օտարերկրյա ուսանողների համար համապատասխան պայմանների ստեղծման գործընթացը` վերջիններիս տրամադրելու որակյալ եւ մատչելի կրթություն: Մուհամմադ Ռեիսին իր հերթին նշել է, որ Իրանը մեծապես կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը: Պարոն դեսպանը տեղեկացրել է, որ վերջերս Մատենադարանում կազմակերպվել է համաժողով` "Երկու մշակույթ, երկու ժողովուրդ եւ երկու կրոն" խորագրով, որին մասնակցել են նաեւ հյուրեր` ԻԻՀ Նախագահի աշխատակազմից: Մուհամմադ Ռեիսին արձանագրել է, որ վերջին շրջանում իրանցի ուսանողների դժգոհությունների բացակայությունը վկայում են, որ Հայաստանի բուհական ոլորտում իրականացվում է լուրջ եւ հետեւողական աշխատանք եւ շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանությունների` իրանցի ուսանողներին օժանդակելու եւ նրանց խնդիրներին լավագույնս արձագանքելու համար: Պարոն դեսպանը նաեւ հայտնել է, որ Իրանը պատրաստակամ է գիտական պատվիրակությունների փոխանակում իրականացնել` գիտության եւ տեխնիկայի բնագավառում արձանագրված ձեռքբերումները բարեկամ երկրի` Հայաստանի կետ կիսելու, ինչպես նաեւ ուսանողների փոխանակում իրականացնելու համար:
Արձագանքելով դեսպանի առաջարկներին` նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ, իսկապես, վերջին տարիներին բուհական ոլորտում իրականացվել է հսկայական աշխատանք, մասնավորապես, օտարերկրյա ուսանողների ավարտական փաստաթուղթ ստանալու գործընթացում սահմանվել են խիստ չափանիշներ` հաշվի առնելով ժամանակին հնչած մի շարք ահազանգեր, որոնք այսօր, ըստ նախարարի, իրենց լուծումն են գտել. "Խնդիրներ միշտ էլ կան, սակայն դրանք այլեւս կրում են ոչ թե համակարգային, այլ կոնկրետ եւ հիմնականում տեխնիկական բնույթ, որոնց եւս, համոզված եմ, պետք է արժանի ուշադրություն դարձվի",-նշել է նախարարը` անդրադառնալով նաեւ օտարեկրյա ուսանողների` ատենախոսությունների պաշտպանության հարցերին եւ ընդգծել, որ ատենախոսությունը պետք է արտահայտի կրթության որակի եւ գիտական աշխատանքի արժեքի իրական գնահատականը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ հանրապետության մի շարք ավագ դպրոցներում պարսկերեն լեզվի ուսուցման ծրագիր իրականացնելու եւ այդ համատեքստում համապատասխան դասագրքերի եւ ուսուցիչների վերապատրաստում իրականացնելու անհարաժեշտությանը: Կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի տարածքում Իրանի Շարիֆ արդյունաբերական համալսարանի մասնաճյուղ կամ նշված համալսարանի հետ կրկնակի դիպլոմների իրականացման կրթական ծրագրի հնարավորությունը, որը, ըստ նախարարի, կապահովի նաեւ ուսանողների շարժունության խնդիրը:





























