Հունվարի 24-ին Թեհրանի Վահդաթ համերգասրահում ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ներկայությամբ Իրանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ու Համսարայիան երգչախմբի և դրա ղեկավար Ռազմիկ Օհանյանի կատարմամբ հնչեցին հանրաճանաչ երգահան ու խմբավար Լորիս Ճգնավորյանի հեղինակած «Շամսի ու Մոլանայի հանդիպումը» օպերայից հատվածներ:
Իրանցի միստիկ բանաստեղծ Մոլանային նվիրված միջոցառումը, որին մասնակցելու հրավերներ էին ստացել Աֆղանստանի ու Տաջիկստանի արվեստագետները, կազմակերպվել էր «Շամս-Մոլանա» հիմնադրամի ու ԷԿՕ-ի մշակութային հաստատության համատեղ նախաձեռնությամբ: Հատկանշական է, որ Լորիս Ճգնավորյանի ստեղծագործության շնորհանդեսը տեղի ունեցավ ԻԻՀ նախագահի մասնակցությամբ և ելույթով: Իրանի նախագահը բարձր գնահատեց հայ երգահանի աշխատանքը և մաղթեց ստեղծագործական հաջողություններ: Բանախոսությամբ հանդես եկան նաև ԻԻՀ մշակույթի ու իսլամական կողմնորոշման նախարար Հոսեյնին ու «Շամս-Մոլանա» հիմնադրամի նախագահ Այյուբին:
Հայտարարվեց, որ 2014 թվականին Իրանի Խոյ քաղաքում անցկացվելու է Մոլանային նվիրված սիմպոզիում:
Հիշեցնենք, որ ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադը 2012 թ. դեկտեմբերի 18-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պետք է մեկներ Թուրքիա՝ մասնակցելու իրանցի բանաստեղծ Մոլանային նվիրված հուշ երեկոյին, սակայն չեղյալ համարեց իր այցը Թուրքիա: Ուշագրավ է այն փաստը, որ թեհրանյան միջոցառման ընթացքում հրավիրյալների շարքում չնշվեց Թուրքիայից ժամանած հյուրերի մասին:





























