Հայաստանի Հանրապետությունում հարցվածների 53 տոկոսը հետաքրքրված են քաղաքականությամբ: Այս հարցման տվյալները նախագահական ընտրություններից առաջ այսօր՝ հունվարի 24-ին հրավիրված ասուլիսին ներկայացրեց «Հայաստանի Եվրոպացի Բարեկամներ» հասարակական կազմակերպությունը:
Նրանց փոխանցմամբ` հեռուստատեսությունը շարունակում է մնալ քաղաքականության տեղեկացման հիմնական աղբյուր, ինտերնետը եւս շարունակում է աճել: Սակայն հեռուստատեսության եւ ինտերնետի հետ համեմատած մամուլի դերը պակասում է: Հարցվածների 50 տոկոսը կարծում է, որ նախորդ ընտրություններից հետո երկրում վիճակը բարելավվել է, իսկ մյուս 50-ը կարծում է, որ չի բարելավվել: Հարցվածների 64 տոկոսն էլ կարծում են, որ Սերժ Սարգսյանը շատ լավ գործունեություն է վարել երկրում իրավիճակը բարելավելու համար:
Սակայն Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցող մարդիկ այնքան էլ գոհ չեն նախագահից: 56 տոկոսը դժգոհ է, որ ԲՀԿ-ն չի առաջադրվել, իսկ 62 տոկոսը գտնում են, որ դա սխալ որոշում էր: Իսկ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի համակիրների դժգոհությունը չառաջադրվելու վերաբերյալ այնքան էլ մեծ չեն:
Նշենք, որ հարցումը անցկացվել է 2013թ-ի հունվարի 15-20-ն ընկած ժամանակահատվածում: 1.607 դեմ առ դեմ հարցազրույցներ են իրականցվել բոլոր 10 մարզերում եւ Երեւանի 12 համայնքներում: Իսկ հարցումը պատվիրվել է «Հայաստանի Եվրոպայի բարեկամներ» կազմակերպության կողմից:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























