Իրանը մոտ է գերտերությունների հետ Թեհրանի հետազոտական ռեակտորի համար հարստացված ուրանի փոխանակման շուրջ համաձայնագիր կնքելուն: Այդ մասին, ինչպես հաղորդում է BBC-ն, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեհր Մոթթաքին՝ հանդես գալով Մյունխենում անվտանգության համաժողովի ընթացքում:
Նրա խոսքով, Իրանը դեռ պետք է որոշի, թե ինչ ծավալի ուրան է ուղարկելու արտերկիր:
Ինչպես հայտնել է Մոթթաքին Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո, Իրանն ու ՄԱԳԱՏԵ-ն համաձայնեցրել են հարստացված ուրանի ձեւաչափը, սակայն դեռեւս դետալներ են մնում:
«Ամենագլխավորը, որ երկու կողմերն էլ ընդունում են այդ ձեւաչափը: Այն բաղկացած է երեք տարրերից՝ փոխանակման ժամկետ, վայր եւ վառելիքի քանակություն»,- Իրանի ԱԳՆ ղեկավարի խոսքերն է մեջբերել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Նա նշել է նաեւ, որ ներկայումս քննարկվում է վառելիքի միաժամանակյա փոխանակման հնարավորությունը:
Մոթթաքին նշել է նաեւ, որ ուրանը մինչեւ 20 տոկոս հարստացնելու համար ժամանակ է անհրաժեշտ: «Երբ ամեն ինչ պատրաստ կլինի, մենք կարող ենք մեր 3 տոկոսանոց ուրանը դարձնել 20 տոկոսանոց»,- ասել է Մոթթաքին եւ հավելել, որ բանակցել է գործընկերների հետ փոխանակման վայրի շուրջ:
Լավրովի խոսքով, սակայն, Մոթթաքին չի հավելել ոչինչ, բացի նրանից, ինչ ավելի վաղ ասել էր Մահմուդ Ահմադինեջադը: Նա հայտնել է, որ կողմերը մանրամասն քննարկել են հոկտեմբերի 1-ին Ժնեւում ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու տարբերակները:
Փետրվարի 6-ին կայանալու է Իրանի ԱԳՆ ղեկավարի հանդիպումը ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Յուկիա Ամանոյի հետ:




























