Նիդեռլանդների Նեյմեգանի համալսարանի գիտնականների խմբին հաջողվել է բացառիկ ֆիզիկական հատկություններով գել ստանալ։ Այն կոլաիդալ վիճակ է ստանում, ոչ թե սառելիս, այլ ընդհակառակը՝ տաքանալիս, հայտնում է Nature ամսագիրը։
Փոլ Կովերն ու նրա գործընկերները էլեկտրոնիկայի համար պոլիմերների մշակումով են զբաղվել, երբ արտակարգ ջրակլանիչ հատկություններով եւ ցանցային կառուցվածքով միավորվող թելանման մոլեկուլների ստացման նոր եղանակ են հայտնագործել։ Նյութը դոնդողանման զանգված է մնում նույնիսկ այն դեպքում, երբ նրա բաղադրության 99,995 տոկոսը ջուր է։
Գիտնականները երկու նյութի՝ պոլիիզոցիանոպեպտիդի եւ պոլիէթիլենգլիկոլի, մոլեկուլներ են միացրել իրար յուրահատուկ գելը ստանալու համար։
Նշենք, որ ստացված դոնդողի մեկ կիլոգրամը բավարար է, որպեսզի գելի վերածվի օլիմպիական ստանդարտ չափի լողավազանի ջուրը։
Նորարարութունը կարող է լայն կիրառում գտնել հատկապես բժշկության մեջ։ Այն կարող է փակել ցանկացած վերք, իսկ այն հեռացնելու համար անհրաժեշտ կլինի պարզապես սառեցնել գելը։
Գիտնականները կարծում են, որ գելը կարող է հետաքրքրել նաեւ շինարարներին։











