Մոսկվայում սպասվում է տնային ցանցերի համընդհանուր վերստուգում։ Այս մասին հաղորդում է «Ведомости» պարբերականը։ Մոսկվայի կառավարությանը մոտ կանգնած պաշտոնատար անձը լրագրողներին հաղորդել է, որ հաջորդ շաբաթ քաղաքապետարանում հնարավոր է ստեղծվի հանձնաժողով, որը զբաղվելու է պրովայդերներին ներկայացվող տեխնիկական պահանջների մշակմամբ, ինչպես նաեւ այդ պահանջների կատարման վերահսկմամբ։

Պրովայդերների խոսքով՝ իրենք դեմ չեն քաղաքապետարանի այս նախաձեռնությանը, ընդհակառակը, կարծում են, որ խաղի կանոնների հաստատումը միայն դրականորեն կազդի շուկայի վրա։ Սակայն ոչ պաշտոնական զրույցների ժամանակ նրանց ներկայացուցիչները նշել են, որ սրանով հնարավոր է ուժեղանա վարչական ճնշումը։

Եթե ամբողջությամբ կատարեն գործող չափորոշիչները, ապա բնակելի տներում ենթակառուցվածքներ ստեղծելը կրկնակի կթանկանա։ Իսկ օրինազանցների հետ խիստ են վարվելու։ Նախագծից երեւում է, որ նոր հանձնաժողովը իրավունք կունենա նույնիսկ հրահանգել ապամոնտաժել ցանցերը, թեեւ օրենքով այդպիսի որոշում կարող է ընդունել միայն դատարանը։

Պրովայդերների գործունեության վրա Մոսկայի իշխանություններն առաջին անգամ չէ, որ փորձում են ազդել։ 2006 թվականին քաղաքապետարանը քաղաքում հայտնի կաբելային ցանց ունեցող «Մոստելեկոմ» ընկերությանը շնորհել է լայն լիազորություններ՝ այդպիսով իսկ անհավասար պայմաններ ստեղծել մրցակիցների համար, չնայած որ, հակամենաշնորհային ծառայությունն օպերատորների դիմումից հետո քաղաքապետարանի ադ որոշումը չեղյալ է համարել։

Նշենք, որ պետական «Մոստելեկոմ» ԲԲԸ-ն հիմնադրվել է 1997 թվականին՝ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի թույլտվությամբ։