NEWS.am-ի մի քանի հարցերին պատասխանում է ՀՀ նախագահի թեկնածու, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
Կցանկանայի ամփոփեիք քարոզարշավի առաջին շաբաթը, որքանո՞վ էր այն արդյունավետ եւ ինչքանո՞վ կարողացաք ձեր ասելիքը տեղ հասցնել: Ի՞նչ եք անելու հաջորդ շաբաթ:
Ինչ վերաբերում է, թե որքանով է արդյունավետ, ես փողոցում եմ դա տեսնում` մարդկանց վերաբերմունքը, մոտենալը, հեռախոսազանգերը, դա նշանակում է, որ, իրոք, արդյունավետ է եղել: Ինչ կանեմ մյուս շաբաթ, եկեք իմ ծրագիրը չբացեմ, որովհետեւ իշխանությունները ոչ միայն ցանկանում են իմանալ, թե ես ինչ կանեմ, ալլեւ ցանկանում են ճշտել իմ ամեն 2 րոպեանոց անվճար ելույթը: Նույնիսկ եթերից առաջ անընդհատ զանգեր են գալիս: Հաստատ արդյունավետ եմ օգտագործելու մնացած ժամանակը մինչեւ ամսի 8-ը:
Դուք նշեցիք, որ մինչեւ առաջադրվելն էլ գիտեիք, որ հանելու եք ձեր թեկնածությունը եւ առաջադրվել եք` իրականացնելու ձեր առաքելությունը: Ազնիվ չէ՞ր լինի մինչեւ առաջադրվելը ձեր ընտրազանգվածին հայտնեիք, որ հանելու եք ձեր թեկնածությունը, գուցե ինչ-որ մարդիկ ձեզ հետ մեծ հույսեր են կապում եւ նրանց հիասթափեցնում եք այժմ:
Եթե ես մինչեւ առաջադրումը այդ մասին խոսեի, մի անգամ հնարավոր է` ինչ-որ ալիք ցույց տար, բայց հաստատ կփակվեր եթերը, ոնց որ փակվել է 5 տարի: Իսկ իմ առաջադրվելով նախ այդ հնարավորությունը ստացա: Իմ ընտրողներին ասում եմ այն, ինչ ասում եմ: Կապ չունի, թեկուզ ես իմանամ, որ այս թեկնածուների մեջ ամենամեծ շանսերը իմն են, համարում եմ, որ այս ընտրությունները մրցակցային չեն, հետեւաբար` իմ հաղթանակը լեգիտիմ չէր լինի: Իսկ ընտրությունները լեգիտիմ չեն, որովհետեւ մինչ առաջադրումները եղել են անհաղթահարելի խոչընդոտներ:
Կարծիք կա, որ կան մի շարք անձինք, ովքեր 5 տարին մեկ առաջադրվում են, հետո ոչինչ չեն անում:
Այդ հարցն ավելորդ է., ես շատ ակտիվ եմ եղել, Google-ով խփեք Արամ Հարությունյան, կբերի:
Իսկ արդյունքը ո՞ւր է, դուք 2003թ ստացել եք 1272 ձայն, 2008թ` 2892 ձայն, ո՞ւր է ձեր ակտիվության արդյունքը:
Համարեք` ես մեկ ձայն եմ ստացել, որովհետեւ իմ ձայները տարել են: Կարեւոր է նաեւ ձայները պահելու խնդիրը, բայց դա թեկնածուի խնդիրը չէ, պետության խնդիրն է: Պետությունն է կազմակերպում, ոչ թե կուսակցությունները: Ստեփան Սաֆարյանը պարտվեց պլակատին, Նիկոլը պարտվեց Սամվել Ալեքսանյանին, ի՞նչ ասենք, ասենք, որ Սամվել Ալեքսանյանը ավելի լավ քաղաքական գործիչ է, քան Նիկոլը:
Այս ամենը իր մեջ PR-ի տարրեր չի պարունակում, 5 տարին մեկ առաջադրվում եք, հետո կորում եք:
5 տարին մեկ է ընտրությունը, ավելի շուտ չեմ կարող առաջադրվել: Չէ, չեմ կորում, դուք չեք ման գալիս ինձ: Ի ՞նչ անեմ, գնամ թաղման մասնակցեմ, գնամ բոլոր վարսավիրների մոտ մազերս կտրե՞մ:
Լավ, ո՞րն է ձեր պայքարի ձեւը:
Քաղաքական գործչի պայքարի ձեւը տեսակետ հայտնելն է, կարեւոր հարցերի հետ կապված դիրքորոշում ունենալը, կանխատեսում անելը, հանրահավաքներ անցկացնելը: Այսօր հանրահավանքերի տեխնոլոգիան չի աշխատում, հանրահավաքով չէ, որ ասենք` պետք է ցուցանիշ երեւա:
Դուք ձեր վարկանիշը ինչքա՞ն եք գնահատում:
Շատ բարձր:
Ինչի՞ց ելնելով:
Մարդկանց վերաբերմունքից եւ իմ խոսքից: Տեսեք, ես եւ Րաֆֆի Հովհաննիսյանին, եւ Հրանտ Բագրատյանին, եւ Պարույր Հայրիկյանին ,հրավիրում եմ բանավեճի,ես պատրաստ եմ:
Բայց բոլորն էլ հրավիրում են բանավեճի, այդտեղ յուրօրինակ ի՞նչ կա:
Չէ, Րաֆֆին ասում է, թե մենակ Սերժի հետ կբանավիճեմ,ու գիտի, որ Սերժը չի գալու, անիմաստ է այդպես:
Քանի՞ իրական ձայն ունեք դուք:
Շատ, շատ, ո՞նց կարող եմ հաշվել, բարեւելով հաշվե՞մ:
Եթե բարեւելով ընտրում են, ուրեմն Րաֆֆի Հովհաննիսյանը ամենաշատ ձայնը ունի:
Ես 2003թ հաստատ 5 տոկոսը հաղթահարել եմ, 2008-ին հաստատ 10 տոկոսն եմ հաղթահարել, եթե հիմա լիներ նորմալ ընտրություն, եթե երկրորդ փուլ լիներ, եթե միանգամից չհաղթեի, ես հաստատ երկրորդ փուլում էի լինելու:
Բայց նույնիսկ ձեր թաղամասում դուք շատ քիչ ձայն էիք հավաքել:
Աբսուրդը դա է, որ նույնիսկ այնտեղ, որտեղ քո հարազատներն են, իրենք հո չգիտե՞ն, որ այդտեղ քո հարազատներն են, տանում են այդ ձայները: Լավ է գիտեն` որտեղ եմ ես քվեարկել, թե չէ այդ ձայները եւս կտանեին:
Ինչի՞ եք հանդես գալիս «Ճնշված» ՀԱԿ-ի, ԲՀԿՅ-ի եւ ՀՅԴ-ի դիրքերից:
Ես ոչ թե հանդես եմ գալիս իրենց անունից, այլ 700-800 հազար մարդկանց անունից` իրենց ձայն տված: Իմ համար պարզ չէ, թե ինչի չեն առաջադրվում, ես կարծում եմ, որ ճնշում է եղել:
Լավ, ի՞նչ է` այդ երեք ուժերի մեջ մեկը չկա, որ բարձրաձայնի, որ ճնշում է եղել: եթե քաղաքական ուժը չի կարողանում հաղթահարել ճնշումները, ապա ինչպե՞ս է պատրաստվում երկյրի ղեկը ստանձնել:
Դա ժողովուրդը պետք է որոշի` ով պետք է երկրի ղեկը ստանձնել, բայց մենք պետք է տանք հնարավորություն, որ ժողովուրդը որոշի: Բայցք անի որ իշխանությունը ստեղծել է անհաղթահարելի խոչընդոտ, հետեւաբար` այդ ուժերը չեն կարող մասնակցել:
Նշենք, որ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը հայտարարել է, թե փետրվարի 8-ին հանելու է իր թեկնածությունը, իսկ փետրվարի 7-ից ԿԸՀ-ի մոտ մյուս թեկնածուներին կդիմավորի «հացադուլով»: Նա հայտարարել է իր մինիմում եւ մաքսիմում ծրագրերի մասին: Մինիմում ծրագրի հիմքում ընկած է Սերժ Սարգսյանին քվեաթերթիկում մենակ թողնելու գաղափարը, իսկ մաքսիմում ծրագրով առաջարկում է, որպեսզի Սերժ Սարգսյանը եւս հանի իր թեկնածությունը:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Հայաստանում կկայանան նախագահական ընտրություններ: ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն եւ ՀԱԿ-ը չեն մասնկացում ընտրություններին, ոչ թեկնածու են առաջադրում, ոչ էլ սատարում են առաջադրված թեկնածուներին: Իսկ առաջադրվել է 8 թեկնածու` ՀՀ նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը, էպոսագետ ներկայացող, անկուսակցական Վարդան Սեդրակյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը եւ «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը: Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է հունվարի 21-ին:











