Հայաստանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը կարծում է, որ Հայաստանի անվտանգությանը կարող է եւ պետք է ապահովվի միայն Ռուսաստանի օգնությամբ: Այս մասին նա հայտարարել է այսօր` հունվարի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ: Նրա խոսքով` ոչ մի ՆԱՏՕ չի կարող ապահովել մեր անվտանգությունը:
«Եվրոպական կառույցները չեն կարող մեզ համար օրինակ լինել, քանի որ Եվրոպան նույնպես արդեն փլուզվում է»,-հավելել է Կոմկուսի ղեկավարը: Նրա խոսքով` երկրի նախագահի առաջնային խնդիրներից մեկը պետք է լինի Հայաստանի միացումը Եվրասիական միությանը, որի ստեղծման նախաձեռնությամբ հանդես է եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հարցին, թե ինչպիսի քաղաքականություն կվարեր Հայաստանն Ադրբեջանի նկատմամբ, եթե ինքը լիներ երկրի նախագահ, Ռուբեն Թովմասյանը պատասխանել է, որ բոլոր միջոցներով կհասներ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշմանը եւ Ադրբեջանին զսպելու քաղաքականություն կվարեր:




























