2012թ. ընթացքում տասնյակ պատվիրակություններ են Հայաստանից այցելել Իրան: Այդ մասին հունվարի 31-ին լրագրողների զրույցում հայտնել է Երեւանում գործող իրանական մշակութային կենտրոնի տնօրեն, Իրանի դեսպանատան մշակույթի հարցերով խորհրդական Մեհրան Շիրավանդը:

Դեսպանատան ներկայացուցիչը նկատել է, թե երկու կողմերն էլ կարեւոր նշանակություն են տալիս մշակութային փոխանակմանը, որի ապացույցն են բարձր մակարդակով այցերը: «Համատեղ պատմության եւ մշակույթի մոտ 3 հազար տարինհրաշալի հիմք են ստեղծում մշակույթի ոլորտում համագործակցության համար»,- ասել է դեսպանատան խորհրդականը: Նրա խոսքով, հայ եւ պարսիկ ժողովուրդները շատ մոտ են կենցաղով, ավանդույթներով, ընդ որում մշակութային ընդհանրությունը երբեմն այնքան խորն է, որ բարդ է ասել, թե որ ազգն է ընդօրինակել:

«Կարծում եմ` տարածաշրջանում հայ ժողովուրդը ամենից մոտ է իրանցիներին»,- նշել է Մեհրան Շիրավանդը: Ընդհանրությունը նաեւ արտացոլվում է զբոսաշրջության մեջ, պատահական չէ, որ Հայաստան այցելող զբոսաշրջիկների մեծ մասը Իրանից են:

Նշենք, որ Հայաստանում անցնում են Իրանում իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: