Առաջիկայում Հայաստանում ինտերնետի գներն իջնելու են: Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ հարցազրույցում վստահություն հայտնեց «Ապագա Թեքնոլոջիս» ընկերության տնօրեն Միշել Դավուդյանը`ավելացնելով, որ արդեն մեկ ամիս անց ինտերնետի գները կփոփոխվեն: «Վստահ եմ, որ ինտերնետի գինն ավելի է իջնելու, որովհետեւ մրցակցությունն այդ դաշտում մեծանում է, եւ պահանջարկն էլ ավելանում է, այնպես որ ինտերնետի գների իջեցումն անխուսափելի է»,- ասաց Դավուդյանը՝ ավելացնելով, որ ցանցի տարածմանը զուգընթաց, մասնագետները պետք է ուշադրության կենտրոնում պահեն նաեւ տեղեկատվական անվտանգության հարցը։
Ըստ նրա՝ այսօր աշխարհում ավելի ու ավելի հրատապ է դառնում տեղեկատվական անվտանգության խնդիրը, որովհետեւ կտրուկ ավելացել են կիբեռհանցագործությունների քանակն ու դրանց պատճառած վնասի չափերը։ «Հայաստանում տեղեկատվական անվտանգությունը համապատասխան մակարդակի վրա չէ։ Այդ մասին են վկայում Հայաստանի կառավարական եւ մասնավոր խոշոր ընկերությունների կայքերի վրա հաճախակի կատարվող հարձակումները, որոնց արդյունքում երբեմն հաջողվում է շարքից հանել կայքը»,- նկատեց Մ. Դավուդյանը:
Դավուդյանի խոսքով` անհրաժեշտ է, որպեսզի ՏՏ անվտանգության մշակույթը բարձրանա։ «Եթե, օրինակ, էլեկտրոնային փոստի գաղտնաբառում նիշերը քիչ են, ապա որքան էլ հզոր լինի անվտանգության համակարգը, միեւնույնն է՝ պաշտպանել նման էլեկտրոնային փոստը չափազանց դժվար կլինի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ լուծել տեղեկատվական անվտանգության խնդիրն ամբողջությամբ ի զորու չէ ոչ մի պետություն կամ ընկերություն, որովհետեւ տեխնոլոգիաներն արագ զարգանում են, սակայն ինտերնետի տարածմանը զուգընթաց, պետք է փորձել համապատասխան պաշտպանությունով ապահովել ցանցը։



























