Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը նամակ է հղել Apple ընկերության գործադիր տնօրեն Թիմ Քուքին, որտեղ առաջարկում է ընկերության արտադրանքում նաեւ հայկական ստեղնաշար կիրառել:
Նամակում, մասնավորապես, ասված է. «Apple ընկերության շարժական սարքավորումներն օրեցօր ավելի լայն տարածում են գտնում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում բնակվող սփյուռքահայության շրջանում: Մեր օրերում շարժական սարքավորումները, մասնավորապես, պլանշետները դիտվում են որպես ազդեցիկ ուսումնական միջոցներ, որոնք կիրառվում են կրթական հաստատություներում: Սակայն բարձր որակային լուծումներ ունեցող iPad-երը, որոնք ծառայում են ուսուցիչներին եւ աշակերտներին, չեն ապահովում հայերենով աշխատելու, հաղորդակցվելու եւ շփվելու հնարավորությունը, քանի որ գործառնական համակարգը /iOS/ չունի հայերեն ստեղնաշար:
Վստահ եմ, որ «iOS» համակարգում հայերեն ստեղնաշարի կիրառումը բխում է մեր ընդհանուր շահերից: Մենք պատրաստակամ ենք ցուցաբերել մեր աջակցությունն այս հարցում»:





























