Իրանում զենիթահրթիռային համալիր են մշակել, որն իր պարամետրերով «ոչ միայն չի զիջում, այլ նույնիսկ գերազանցում է ռուսական հակաօդային պաշտպանության C-300 համակարգին»: Այս մասին իրանական ԻՌՆԱ գործակալությանը հայտնել է Իրանի զինվորական հրամանատարության ներկայացուցիչ Խեշմաթոլլա Քասիրին: Նրա խոսքով, իրանցի մասնագետների կողմից ստեղծված նոր համալիրը մոտ ապագայում կներդրվի Իրանի բանակում: «Այդ նախագիծը մոտ է ավարտին, որն իրականացվում է զինված ուժերի տարբեր ոլորտներում, այդ թվում հակաօդային պաշտպանության ոլորտում ինքնապահովման հասնելու համար»,- ընդգծել է Քասիրին:
2007-ին Իրանն ու Ռուսաստանը պայմանագիր են կնքել C-300 համալիրների մատակարարման վերաբերյալ, սակայն Քասիրիի ներկայացմամբ, այդ մատակարարումները մինչ օրս չեն սկսվել: «2 տարի առաջ կնքված պայմանագրի շրջանակներում զենիթահրթիռային C-300 համալիրների մատակարարում չի իրականացվել: Միաժամանակ պայմանագիրը աստիճանաբար իրականացվում է»,- ասել է ռուսական «Ռոսոբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը:
Նշենք, որ Արեւմուտքում եւ Իսրայելում մտահոգված են, որ ռուսական C-300 համալիրների օգնությամբ իրանցիները կպաշտպանեն իրենց միջուկային օբյեկտները հնարավոր ավիահարձակումներից:
Իսայկինի խոսքով, Ռուսաստանը մտադիր չէ հրաժարվել այդ պայմանագրից, որը գնահատվում է միլիոնավոր դոլարներ: «Պայմանագրի հետագա կատարումը կախված է լինելու ստեղծվող միջազգային իրավիճակից եւ երկրի ղեկավարության որոշումից»,- հավելել է նա:




























