Ռուսական ստորջրյա հետազոտական խմբի ղեկավար Դմիտրի Շիլերը սուզվել է աշխարհի ամենասառը լճերից մեկի` Լաբինկիրի մեջ, որը հայտնի է որպես երկրորդ Լոխ Նես եւ գտնվում է սառը բեւեռում` Յակուտիայում: Օդի ջերմաստիճանն այդ վայրերում հասնում է մինչեւ  89 աստիճանի: Այդ երեւույթը կարող է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, ասվել է Ռուսական աշխարհագրական հանրության հաղորդագրությունում:

Ըստ փորձի մասնակիցների` նրանք փորձել են իրականացնել հատակի եւ նրա ճեղքերի ստորջրյա նկարահանում, ինչպես նաեւ ներքին ջրի, բուսական եւ կենդանական աշխարհի նմուշներ վերցնել: Նախկինում ոչ ոք երբեք չի սուզվել այդ լճի տակ:

Փորձի արդյունքում Դ.Շիլերին հաջողվել է վերեւ հանել բուսականության նմուշներ եւ հատակի տեսանկարահանումը: Բացի այդ, հեռուստազոնդի օգնությամբ գիտնականներին հաջողվել է հայտնաբերել խոշոր կենդանու ծնոտ եւ կմախք:

Լաբինկիր լիճը հայտնի է իր աշխարհագրական անոմալիաներով (ջրամբարի խորությունը հասնում է մինեւ 80 մ-ի). Նրա մեջ հնարավոր է` բնակվում է անհայտ արարած, որին տեղացիներն անվանել են երկրորդ լոխնեսյան հրեշ, հաղորդում է ՌԲԿ-ն:

Այդ տեղանքի հետազոտողներից մեկը` ԽՍՀՄ գիտությունների Ակադեմիայի Արեւելասիբիրական ճյուղի երկրաբանական թեւի ղեկավար Վիկտոր Տվյորդախլեբովն իր գրառումների մեջ նշել է, որ Լաբինկիրում վիթխարի ձկան նմանվող անհայտ կենդանի է տեսել: