Համակարգչային խաղերը եւ տեսախաղերը դրական են անդրադառնում մարդու կյանքի վրա, ասված է Nottingham Trent University-ի նոր հետազոտությունում, որն անցկացրել է գիտնական Մարկ Գրիֆիթսը։ Ըստ նրա՝ խաղի գործընթացը դրական ազգեցություն ունի մի քանի առումներով՝ ուսուցողական, ինքնագնահատականի բարձրացման, համակարգման ունակության զարգացման։ Ոչ մի ապացույց չկա, որ չափավոր ժամաքանակով խաղալը վատ է անդրադառնում մադու վրա, գրում է բրիտանական Sun թերթը։

Հետազոտության հեղինակը նաեւ նշել է, որ աշխարհում հայտնի Call of Duty խաղը նպաստում է համակարգման ունակության զարգացմանը, աչքերի եւ ձեռքերի շարժումների սինխրոնիզացիային, արագացնում է մարդու արձագանքը։ «Բայց ես երեխաներիս չեմ թողնում խաղալ, քանի որ 18 տարեկանից բարձր հասակի համար են նախատեսված», -ասել է նա, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։

Մեկ այլ հետազոտության հեղինակ՝ Սթենֆորդի համալսարանի դոկտոր Ռոբին Ռոզենբերգը պնդում է, որ խաղերը, որոնցում մարդիկ սուպերհերոսների են մարմնավորում, իրական կյանքում նրանց օգնում են հասարակության համար օգտակար մարդ դառնալ։