ԱՄՆ-ն կարծում է, որ իրանական հիմնախնդիրը դիվանագիտական ճանապարհով  կարգավորելու հնարավորություն եւ ժամանակ կա, բայց՝ «ոչ առանց ճնշման»։ Այդ մասին ասել է ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը՝ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության հարցերով կոնֆերանսում։

 «Մենք կզրուցենք Իրանի հետ», - ասել է Բայդենը։ Նա նշել է, որ Թեհրանը պետք է հրաժարվի միջուկային ծրագրից, այդ ժամանակ «նոր ազդակներ կհայտնվեն»։ Ըստ Բայդենի՝ «դիվանագիտության հնարավորություն եւ ժամանակ կա», բայց՝ «ոչ առանց ճնշման», գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Բայդենը նաեւ հայտնել է, որ Բարաք Օբամայի նախագահության առաջին չորս տարում Վաշինգտոնը արտաքին քաղաքականության բոլոր հիմնական ուղղություններում առաջընթաց է գրանցել. չորս տարի առաջ արտաքին քաղաքական մի քանի կարեւոր հարցեր կային՝ Իրաք, Աֆղանստան, իրանական ատոմ, Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավում։

ԱՄՆ-ի փոխնախագահը նաեւ հավելել է, որ Եվրոպան «աշխարհի հետ փոխգործակցության անկյունաքարն է»։