Ռուսաստանը դեմ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակամարտության ռազմական լուծմանը։ Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին, Մյունխենի անվտանգության հարցերով 49-րդ կոնֆերանսում ելույթից հետո նշել է Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ներկաների հարցերին։
«Իրանի դեմ ուժի կիրառման տարբերակներն անթույլատրելի են», -ասել է ՌԴ արտգործնախարարը։ Նա համաձայնել է գերմանացի գործընկեր Գիդո Վեստերվելեի այն կարծիքին, որ «այդ հարցերը պետք է քննարկվեն տարածաշրջանային անվտանգության պլանում։ Լավրովն ընդգծել է, որ խնդրին պետք է մոտենալ Պարսից ծոցի երկրների անվտանգության ապահովման համատեքստից, այդ թվում՝ Իրանի, որը, ինչպես նշել է նախարարը, «դեռ ոչ ոքի վրա չի հարձակվել», հայտնում է ԻՏԱՌ –ՏԱՍՍ-ը։




























