Մահափորձի ենթարկված նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը դրական է գնահատում քննիչների աշխատանքը: Այս մասին նա ասաց NEWS.am-ի հետ զրույցում: Նրա խոսքով, հատկապես անվտանգության աշխատակիցները իր սպասածից շատ ավելի լուրջ եւ աչալուրջ են: «Սակայն քննության մանրամասնությունների մասին խոսելու իրավունք չունեմ: Այս խնդիրը վերաբերում է բոլորիս»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:

Ի դեպ, այսօր Պարույր Հայրիկյանի աջ ձեռքը հետ կապված խնդիր էր առաջացել: Խոսելով այդ մասին` Պարույր Հայրիկյանը ասաց, որ որոշակի ցավեր կան, սակայն բժիշկներն ասել են, որ ստացված հարվածի դեպքում դա բնական ցավ է: «Ես նույն Հայրիկյանն եմ, տառապյալ Հայրիկյան չկա»,- ավելացրեց Պարույր Հայրիկյանը:

Հերթապահ բժիշկը` Դ. Հովհաննիսյանը, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով Պարույր Հայրիկյանի առողջական վիճակի մասին, ասաց, որ այն ավելի կայուն է: «Ինքնազգացողությունը լավ է: Իսկ աջ ձեռքի հետ կապված խնդիրը հետտրավմատիկ է, որը նյարդերի հետ է կապված: Դրանք անցողիկ խնդիրներ են»,- նշեց Հովհաննիսյանը եւ ավելացրեց, որ վաղը կպարզվի, թե երբ են Հայրիկյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխելու պալատ: