Տարածաշրջանի իրադրությունը եւ Դամասկոս նահանգի գիտատեխնիկական կենտրոնի նկատմամբ Իսրայելի ագրեսիան Սիրիայի նախագահ Բաշար Ասադի եւ Իրանի Ազգային անվտանգության Գերագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլի հանդիպման քննարկման առարկա են դարձել:
Զրույցի ժամանակ նախագահ Ասադն ընդգծել է, որ գիտատեխնիկական կենտրոնի նկատմամբ ագրեսիան բացահայտում է Սիրիայում իրավիճակի ապակայունացման եւ տարածաշրջանում նրա թուլացման գործում Իսրայելի, հակասիրիական արտասահմանյան շրջանակների եւ նրանց մեղսակիցների իրական դերը, որոնք փորձում են ստիպել երկրին հրաժարվել իր հայրենասիրական սկզբունքներից, հաղորդում է Սիրիայի պետական տեղեկատվական ՍԱՆԱ գործակալությունը: Բաշար Ասադն ընդգծել է, որ, հիմնվելով իր ժողովրդի գիտակցության եւ բանակի հզորության վրա, Սիրիան ի զորու է դիմակայել ներկա մարտահրավերներին եւ հակահարված տալ ցանկացած ագրեսիայի:
Ջալիլին իր հերթին վստահություն է հայտնել ագրեսիայի նկատմամբ Սիրիայի պետության իմաստուն վճռի վերաբերյալ եւ հաստատել է, որ Իրանն ամբողջապես աջակցում է Սիրիայի ժողովրդին: Ջալիլին հայտարարել է, որ Իրանը բարձր է գնահատում Սիրիայի նախագահի ներկայացրած ճգնաժամի հաղթահարման քաղաքական ծրագիրը եւ դրա իրականացման կառավարական միջոցները` նորից հաստատելով Թեհրանի պատրաստակամությունը համազգային երկխոսություն անցկացնելուն աջակցելու գործում:
Բացի այդ, հանդիպմանը նշվել են երկրների միջեւ հատուկ երկկողմ հարաբերությունները եւ դրանց աշխուժացման անհրաժեշտությունը բոլոր բնագավառներում:





























