Իրանի հետ հարաբերություններում Հայաստանը գործում է միջազգային օրենքներին խիստ համապատասխան: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը` ռուսաստանյան «Օգոնյոկ» հանդեսին տված հարցազրույցում: 

Հարցին, թե ինչպե՞ս է Հայաստանը հարաբերվում մի երկրի հետ, որին շրջափակում է հայտարարել է փաստացի ողջ աշխարհը, Սերժ Սարգսյանն ասել է. «Դուք նկատի ունե՞ք  Իրանի դեմ ՄԱԿ Անվտանգության խորհրդի կիրառած պատժամիջոցները: Դժվար է դա տոտալ շրջափակում անվանել: Հայաստանը գործում է միջազգային օրենքներին խիստ համապատասխան: Պատժամիջոցներ, անխոս կան: Դրանք հարվածում են իրանական ու ռիկոշետով նաեւ` մեր տնտեսությանը: Բայց մենք շարունակում ենք համատեղ հետաքրքիր նախագծերի իրականացումը, մասնավորապես հիդրոէներգետիկայի ոլորտում: Այժմ ինտենսիվորեն տարվում է նոր միջազգային մայրուղու շինարարությունը, որը Հայաստանը կապելու է Իրանի հետ, հերթում է երկաթուղային նախագիծը»:

Պետության ղեկավարը հիշեցրել է, որ Իրանում մեծ եւ շատ հետաքրքիր հայ համայնք է ապրում: «Հայ-իրանական բարեկամությունը բազմադարյա պատմություն ունի: Եւ այսօր մեր հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: Մենք այդ հարաբերությունները կառուցում ենք փոխշահավետ եւ փոխադարձ հարգալից հիմքի վրա: Տարօրինակ կլիներ, եթե հարեւանները դրան չձգտեին: Իմ կարծիքով, դա բնական է, այդպիսին պետք է լինեն հարաբերությունները բոլոր հարեւանների միջեւ: Մենք շատ կուզենայինք, որ կողմերը վերջնականապես համաձայնեցնեին դիրքորոշումները, եւ իրանական ատոմային դոսյեն վերջնականապես փակվեր»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը: