Թեեւ Հյուսիսային Կորեան մեկուսացած է արտաքին աշխարհից, բայց նրա առաջնորդ Կիմ Չեն Ընը գնում է ժամանակին համընթաց եւ օգտվում սմարթֆոնից: Հարավային Կորեայի իշխանությունները հետաքննություն են անցկացրել, պարզելու, թե որ երկրի արտադրանքն է նախընտրել ԿԺԴՀ առաջնորդը:
Ինչպես գրում է Korea JoongAng Daily-ն, Հարավային Կորեայի հատուկ ծառայություններն սկսել են հետաքրքրվել Կիմ Չեն Ընի բջջային հեռախոսի մոդելով այն բանից հետո, երբ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը հրապարակել է ԿԺԴՀ առաջնորդի մոտ կայացած խորհրդակցության լուսանկարը: Այնտեղ Կիմ Չեն Ընի սեղանին սեւ սմարթֆոն է երեւում:
Ինչպես պարբերականին պատմել է հատուկ ծառայությունների ներկայացուցիչը, ամենայն հավանականությամբ, հեռախոսը թայվանական HTC ընկերության արտադրանքն է: HTC-ի մամուլի ծառայությունում հրաժարվել են մեկնաբանություն տալ այդ առիթով, նշելով միայն, որ իրենք «համագործակցում են ցանկացած հաճախորդի հետ», հաղորդում է NEWSru.com-ը:
Եթե Կիմ Չեն Ընն իսկապես օգտվում է HTC-ի արտադրանքից, ապա այդ ընտրությունը «քաղաքականապես կոռեկտ է», խոստովանում է Korea JoongAng Daily-ն: Տրամաբանական չէր լինի, եթե նա օգտվեր հարավկորեական Samsung-ի կամ ամերիկյան Apple-ի արտադրանքից, քանի որ այդ երկրների հետ Հյուսիսային կորեան բարդ հարաբերություններ ունի:
Ոչ պաշտոնական տվյալներով` ԿԺԴՀ-ում բջջային կապից օգտվում է 1,8 մլն քաղաքացի: Շատ կորեացիներ պարզապես չեն կարող իրենց թույլ տալ բջջային հեռախոս գնել: Իսկ բջջային հեռախոս ունեցող քաղաքացիներին արգելված է երկրից դուրս զանգեր կատարել:





























