Մահմուդ Ահմադինեժադը պատմական այցով ժամանել է Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրե. Սա Իրանի նախագահի առաջին այցելությունն է Եգիպտոս 1979 թվականի իսլամական հեղափոխությունից ի վեր:
Ահմադինեժադը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որի աշխատանքները կմեկնարկի փետրվարի 6-ին, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա Եգիպտոսի բարձրաստիճան պաշտոնյաների ու գործիչների, այդ թվում Ալ-Խազար համալսարանի նախագահի հետ, որը համարվում է ամենահեղինակավոր կրոնական ուսումնական հաստատություններից մեկը, հաղորդում է RBK-ն` վկայակոչելով BBC-ն:
Հիշեցնենք, որ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունները խզվել էին Իրանում իսլամական հեղափոխությունից հետո: Իրանա-եգիպտական հարաբերություններում լարվածությունն սկսել է աճել 1978 թվականին ստորագրված իսրայելա-եգիպտական խաղաղության պայմանագրից հետո:
Եգիպտոսի եւ Իրանի հարաբերություններում ջերմացումը հնարավոր է դարձել 2011-ին Հոսնի Մուբարաքի ռեժիմը տապալելուց հետո: 2012-ի օգոստոսին Եգիպտոսի նոր նախագահ Մուհամեդ Մուրսին պաշտոնական այցով ժամանել է Իրան: Այն ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել վերականգնել դիվանագիտական առաքելությունների գործունեությունը:
Եգիպտոսի բնակչության հիմնական մասը սուննի մահմեդական է, մինչդեռ Իրանում իշխանությունը պատկանում է շիաներին:





























