Իրանը այսօր՝ փետրվարի 9-ին սկսել է ուրանի մինչեւ 20 տոկոս հարստացման աշխատանքները:

Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, վկայակոչելով պետական Al Alam հեռուստաընկերությանը, աշխատանքները սկսվել են ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ներկայությամբ:

Ուրանի հարստացումն իրականացվում է Նեթենզեի գործարանում: Ինչպես հաղորդել է ՄԱԳԱՏԷ-ում Իրանի ներկայացուցիչ Ալի-Ասգար Սոլթանիեն, Թեհրանը միջազգային գործակալությանը հատուկ ուղերձով տեղեկացրել է աշխատանքների սկսման մասին:

Նա նշել է, որ աշխատանքներն իրականացվելու են միջազգային վերահսկողության ներքո:

Ի դեպ, ատոմային էներգիայի իրանական գերատեսչության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հայտարարել էր, թե երրորդ երկրներից հարստացված ուրան ստանալու Թեհրանի մտադրությունը մնում է ուժի մեջ. «Երբ մենք ստանանք ատոմային վառելիքը, հարստացման աշխատանքները կդադարեցվեն»:

Այսօր ՄԱԳԱՏԷ-ն հաղորդագրություն է տարածել՝ նկատելով, որ Թեհրանի որոշումը կարող է վնաս հասցնել Իրանի հետազոտական ռեակտորը ատոմային վառելիքով ապահովելու ջանքերին:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երկրի փոխնախագահ Ալի Աքբար Սալեհիին հանձնարարել էր սկսել ուրանի հարստացման աշխատանքները: