Հայաստանի ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանն այսօր կդառնար 56 տարեկան: Թեեւ նա բացակա է, բայց այս տարեդարձին եւս նրա ընկերները, հազարատները, մտերիմները հավաքվել են եւ հայտնի երգչուհու տարեդարձը նշում են այնպես, ինչպես տարիներ շարունակ նրա հետ են նշել: Երգչուհի Քրիստինե Պեպելյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ օրվա ընթացքում «Նարեկացի» արվեստի կենտրոնում միջոցառում է եղել` նվիրված Ֆլորա Մարտիրոսյանին, հիշել են նրան, մտերիմներն այցելել են նրա շիրիմին, իսկ երեկոյան հավաքվել են Սունդուկյան փողոցում գտնվող նրա տանը եւ նշում են նրա տարեդարձը:

Այժմ Ֆլորա Մարտիրոսյանի տանը հավաքվել են հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ` Քրիստինե Պեպելյան, Անդրե, Ավետ Բարսեղյան, նրա մտերիմները եւ այլ ընկերներ: «Նշում ենք, հիշում ենք, իր պատրաստած կերակուրներն ենք վայելում, պահածոները, որ մինչեւ այսօր մնացել են, օրինակ` հիմա բադրիջանով շատ համով պահածոներ կան, որոնք հիմա ուտում ենք ափսոսանքով եւ հաճույքով»,- ասաց Քրիստինե Պեպելյանը:

Ֆլորա Մարտիրոսյանի տարեդարձին մասնակցող նրա ընկերուհին` Լուսինեն, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ հայտնի երգչուհու տարեդարձը միշտ սկսվում էր գիշերը 00.00-ից, երբ նրա ընկերները տորթով, ծաղիկներով հավաքվում էին բնակարանի դռան մոտ եւ 00.01-ին ներխուժում նրա բնակարան` նվերներով, երգ ու պարով եւ բարձր տրամադրությամբ: «Այսօր Անդրեն եւ Քրիստինեն կռվում էին, թե Ֆլորայի սիրած տորթը որտեղից պետք է վերցնել, որը նա կհավաներ եւ այլն»,- պատմեց ընկերուհին: Նա նշեց, որ Ֆլորա Մարտիրոսյանը քչախոս էր, կենացներ չէր ասում, կենաց ասելու հերթ էլ չէր հասնում, չէր սիրում նաեւ երգել, փոխարենը ընկերները եւ մտերիմներն էին նրա համար երգում` «Ծնունդդ շնորհավորից» մինչեւ իր երգերը:

Ընկերուհին նաեւ պատմեց, որ Ֆլորա Մարտիրոսյանը չէր սիրում նվերներ ստանալ, սիրում էր նվերներ տալ, բայց ծննդյան տոնին նրա համար ամենացանկալի նվերը լավ վարդերն էին, գույնը եւ քանակը էական չէր: Այսօր եւս, սովորույթի համաձայն, մտերիմները նրան վարդեր են տարել, տորթ, մոմեր եւ պատրաստվում են նույն ձեւ տոնել նրա ծնունդը: «Նշելու ենք այնպես, ինչպես միշտ` իր հետ ենք նշել, ուրախ, որովհետեւ ինքը մեր հետ է, մեր կողքին է»,- ասաց Լուսինեն:

Ֆլորա Մարտիրոսյանի տարեդարձի սեղանին հավաքված նրա մտերիմները պատմություններ են պատմում, հիշում նրան, ուրախանում եւ տխրում: Բացի լավ երգչուհի եւ լավ մարդ լինելուց` ընկերները նրան բնութագրում են նաեւ լավ խոհարար եւ նկատում, որ նա սիրում էր ամեն ինչ իր ձեռքով պատրաստել, պատրաստում էր յուրահատուկ եւ համով ուտեստներ, հատկապես սիրում էր տանձով սալաթ պատրաստել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ Լոս-Անջելես քաղաքի հիվանդանոցներից մեկում կյանքից անժամանակ հեռացավ հայ երգարվեստի մեր օրերի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ֆլորա Մարտիրոսյանը: Նրա մահվանից հետո վատացել էր նաեւ նրա ամուսնու` Հրահատ Գեւորգյանի առողջական վիճակը: Նա շնչառական խնդիրներ ուներ, որոշ ժամանակ նույնիսկ գտնվել է հիվանդանոցում: Ի դեպ, հայտնի երգչուհու հարազատները պատրաստվում են դատական գործընթաց սկսել: նար մահփան փաստի առթիվ:

Նշենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957թ. փետրվարի 5-ին Գյումրիում: Դպրոցին զուգահեռ ավարտել է նաեւ Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 1973թ.-ից սկսել է հանդես գալ ռադիոյով եւ հեռուստատեսությամբ: Ուսումը կոնսերվատորիայում շարունակելու համար տեղափոխվել է Երեւան: 1978թ.-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում կայացած միջազգային փառատոնի մրցանակակիր. առաջին միջազգային հաջողությունն էր: Այնուհետեւ Գուսան Աշոտի «Ծովաստղիկը» Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ 15 տարի շարունակ ճանաչվել է տարվա լավագույն երգ: Հյուրախաղերով հանդես է եկել աշխարհի ավելի քան 60 երկրներում: 1989թ.-ին ամուսնացել է, ունի 2 երեխա: 1991թ.-ին մեկնել է ԱՄՆ: Հայրենիք է վերադարձել 1995թ.-ին եւ շարունակել իր երաժշտական գործունեությունը: 1997-2001թթ. ղեկավարել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: 2002թ.-ին Լոս-Անջելեսում` Հոլիվուդ եւ Բրբենկ քաղաքներում հիմնել է «Կոմիտասի» անվան երաժշտական դպրոցները, որոնք շատ կարճ ժամանակահատվածում մեծ ճանաչում են բերել անվանի երգչուհուն: 2006-2007թթ.-ին առաջին անգամ Հայաստանում նախաձեռնել եւ անցկացրել է «Կոմիտաս» համահայկական միջազգային մրցույթը, որին մասնակցել է շուրջ 2000 հայ երեխա` Հայաստանից եւ այլ երկրներից: 2007թ.-ին հիմնել է «Artists for peace» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվելու են աշխարհահռչակ երգիչ-երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր` արվեստի ուժով իրենց ձայնը միացնելու Հայոց Ցեղասպանությանը եւ աշխարհում տեղի ունեցած նման կարգի ոճրագործություններին ոչ` «Այլեւս երբեք» ասելու համար: