Եգիպտոսում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա կոշիկ նետելու կասկածանքով չորս մարդ է ձերբակալվել: Նրանցից առնվազն մեկը սիրիացի է: Մյուսների ազգային պատկանելիության մասին ոչինչ հայտնի չէ, բայց հայտնի է, որ նրանք բոլորն էլ իսլամիստներ են, հաղորդում է NBC News-ը:

Հիշեցնենք, որ կոշիկների նետումը եղել է Կահիրեի կենտրոնում` Ալ-Հուսեին մզկիթից դուրս գալիս: Այդ մզկիթը հատուկ հարգանք է վայելում ինչպես շիաների, այնպես էլ սուննիների շրջանում:

Մինչ մզկիթ այցելելը, Իրանի առաջնորդը հանիպել է սուննիական աշխարհի առաջատար աստվածաբաններից մեկի` շեյխ Ահմադ ալ-Թայեբի հետ: Դա, սակայն, չի փրկել շիա Ահմադինեժադին կոշիկային փոքր հրմշտոցից` մզկիթից դուրս գալու պահին: Հաղորդվել է, որ հարձակվողները անհաջողություն են կրել, քանի որ նախագահի վրա նետված կոշիկները նրան չեն դիպել: