«Հայաստանի անկախացումից հետո՝ վերջին քսան տարիների ընթացքում հայ-իրանական հարաբերությունները բավական բարձր մակարդակի վրա են՝ թե՛ քաղաքական, եւ թե՛ տնտեսական առումներով»,- փետրվարի 9-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը։

Համոզմունք հայտնելով, որ Իրանի դերը Հայաստանի համար անվիճարկելի է, նա միեւնույն ժամանակ նշեց, որ հայ-իրանական հարաբերությունները մինչեւ վերջ չօգտագործված մեծ պոտենցիալ ունեն՝ հույս հայտնելով, որ դրանք, ամենայն հավանականությամբ, կզարգանան մոտակա տարիներին։

Որպես էական ձեռքբերում, Գառնիկ Ասատրյանը նշեց Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հեռանկարը, որը, նրա խոսքով, դժվար իրականանալի է ոչ թե ֆինանսական, այլ զուտ կազմակերպչական առումով. «Սա մեծ տնտեսական, քաղաքական եւ ռազմավարական քայլ է, որը թույլ կտա Հայաստանին ուղղակիորեն կապվել Պարսից ծոցի հետ»,- ընդգծեց բանախոսը։

Իրանագետի կարծիքով, հակառակ երկու երկրների միջեւ առկա տնտեսական եւ քաղաքական աշխույժ կապերի, փոխհարաբերություններ գրեթե չկան մշակույթի եւ գիտության ոլորտներում. «Կրթության եւ մշակույթի ոլորտում կապերը հանգում են անձնական հարաբերությունների։ Համատեղ ծրագրեր այս ոլորտներում գրեթե չկան»,- ամփոփեց Գառնիկ Ասատրյանը։