Այաթոլլա Սաիդ Մուհամեդ Խարոզիին վերագրվող`  հարեւանների նկատմամբ տարածքային հավակնությունների մասին  հայտարարությունները  մի փոքր տարօրինակ են հնչում: Այս մասին NEWS.am-ին ասաց ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, իրանագետ Կարինե Գեւորգյանը` մեկնաբանելով ադրբեջանական ԱՊԱ գործակալության հրապարակումը:

Համաձայն այդ հրապարակման` այաթոլա Խարոզին, ով պատրաստվում է  առաջադրվել այս տարի կայանալիք նախագահական ընտրություններին,  մտադիր է  «Տաջիկստանից, Հայաստանից եւ Ադրբեջանից վերադարձնել իրանական հողերը»

Խոսելով ծրագրի մասին` իրանագետը նկատեց, որ այն անիրականալի է: «Իրանը պատրաստ չէ հարձակողական պատերազմներ մղել: Այդ սադրիչ հայտարարությունը նախատեսված է ներքին սպառման համար»,-նշեց փորձագետը` հիշեցնելով, որ Հայաստանն ու Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ են, իսկ դա հարաբերությունների բոլորովին այլ մակարդակ է:

Փորձագետը նախընտրեց առայժմ չխոսել Խարոզիի` ընտրություններում հաղթելու  հեռանկարների մասին: Միաժամանակ նա կասկածի ենթարկեց ադրբեջանական մամուլի հրապարակումների արժանահատավությունը: «Բացառված չէ, որ իրականում այլ բան է ասվել, իսկ այստեղ պարզապես հայ-իրանական հարաբերություններում լարվածություն մտցնելու փորձ է»,-նշեց Կարինե Գեւորգյանը: