Սյունիքի մարզպետարանը կարող է օտարերկրյա անձանց հողատարածքներ (արոտավայրեր) վարձակալության տրամադրել բացառապես մրցույթով, ՀՀ կառավարությունն՝ առանց մրցույթի, իսկ միջազգային համաձայնագրերը պետք է ստանան ԱԺ համաձայնությունը: Այդ մասին այսօր՝ փետրվարի 6-ին ՀՀ Ազգային Ժողովում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի այն հարցին, թե արդյո՞ք Սյունիքի մարզպետը ստորագրել է արոտավայրերը Իրանի Ատրպատական նահանգին վարձակալության հանձնելու փաստաթղթի տակ;
Հ. Թովմասյանը նշեց, որ ներկայում որեւէ իրավական ուժ ունեցող փաստաթուղթ այս կապակցությամբ գոյություն չունի, թեեւ օտարերկրյա ներդրողների նմանատիպ առաջարկությունների վերաբերյալ քննարկումներ եղել են:
Ա. Վարդանյանի դժգոհությանը, թե ինչու է հարցին պատասխանում արդարադատության նախարարը, Հ. Թովմասյանը պարզաբանեց, թե տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը բացակայում է հարգելի պատճառով:





























