Կահիրեում Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի դեմ հարձակմանն առնչություն ունենալու մեջ կասկածանքով 4 մարդ է ձերբակալվել, որոնց Եգիպտոսի ոստիկանությունը տուգանել են եւ ազատ արձակել: Նրանցից յուրաքանչյուրը վճարել է 500 ֆունտ (մոտ 70 դոլար) տուգանք` «օտար պետության ղեկավարին վիրավորելու համար»:

Դատախազության ներկայացուցչի խոսքով` բոլոր ձերբակալվածները եգիպտացիներ են, իսլամիստական խմբավորումների անդամներ, նրանցից մեկը «Ալ Խազար» իսլամական համալսարանի ուսանող է, հաղորդում է «ՌԻԱ նավոստին»:

Ավելի վաղ նշվել էր, որ 4 ձերբակալվածներից մեկը Սիրիայի քաղաքացի է, իսկ կոշիկը Ահմադինեժադի ուղղությամբ նետող տղամարդը մինչ այժմ չի ձերբակալվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կահիերում մզկիթ կատարած այցելության ժամանակ անհայտ տղամարդը փորձել է կոշիկ նետել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա:

Ըստ AFP-ի` միջադեպը տեղի է ունեցել Կահիրեի Ալ Հուսեյն մզկիթի մոտ: Տեսանյութում երեւում է, թե ինչպես մի տղամարդ հրում է Ահմադինեժադի թիկնապահներին`ցանկանալով կոշիկ նետել նրա վրա։ Այդ քայլը մահմեդական երկրներում վկայում է  մարդու նկատմամբ ծայրաստիճան անհարգալից վերաբերմունքի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Թիկնապահներն արագ հեռացրել են կարգազանցին, որից հետո նախագահը հանգիստ նստել է մեքենան:

Հիշեցնենք, որ մահմեդական աշխարհում խոշորագույն շիա պետություն Իրանի նախագահն Իսլամական համագործակցության կազմակերպության պետության եւ կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման շրջանակում այցելել է սուննիական Եգիպտոս: Իրանի նախագահի այցը Եգիպտոս առաջինն էր վերջին 33 տարվա ընթացքում` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման պահից ի վեր: